1 մարտի 2013 - 15:25 AMT
Ղարաբաղի օդում խփված ինքնաթիռը անհապաղ պատերազմի պատճառ կդառնա

Եթե Ադրբեջանը որոշի խփել հայկական ինքնաթիռները, ապա կհայտնվի մասնակի միջազգային մեկուսացման մեջ: Այդ մասին հայտարարել է պատմական գիտությունների թեկնածու, «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասի հեռարձակման բաժնի վարիչ Իվան Սուխովը:

«Եթե Ադրբեջանը թեկուզ մեկ ինքնաթիռ խփի, դա անհապաղ կհանգեցնի հակամարտության էսկալացիայի Ղարաբաղում, որտեղ Ռուսաստանը, գուցե, բացահայտ չօգնի Հայաստանին, սակայն հաստատ չի աջակցի նաև ադրբեջանական կողմին: Չի բացառվում նաև, որ Ռուսաստանը կարող է գործողություններ սկսել Ադրբեջանի հյուսիսում, հիմնավորելով դա, օրինակ, Ադրբեջանի տարածքից Դաղստան գրոհայինների ու ծայրահեղական քարոզիչների ներթափանցման դեմ պայքարելու անհրաժեշտությամբ»,-ասել է Սուխովը:

Ինչ վերաբերում է Արևմուտքի աջակցությանը, ապա Բաքուն հազիվ թե կարող է հույսը դնել դրա վրա: «Իրանի դեմ պատերազմը հարցականի տակ է, սակայն ակնհայտ է, որ եթե այն սկսվի, դա կործանարար կերպով կապակայունացնի ողջ Հարավային Կովկասը: Այդ դեպքում Հարավային Կովկասում հաղթողներ չեն լինի: Արևմուտքը դժվար թե կարողնա երաշխավորել Ադրբեջանին, որ վերջինս կվերադարձնի Ղարաբաղն ու մերձակա տարածքները, քանի որ իր շահերն ունի Հայաստանում:

Տեսականորեն տարածքների վերադարձման երաշխավոր կարող էր լինել Թուրքիան, սակայն ոչ Ռուսաստանը, ոչ ԵՄ-ն, ոչ էլ ԱՄՆ-ն, չեն ցանկանա, որ Թուրքիան ավելացնի իր ազդեցությունը, քանի որ առանց այդ էլ բավական հզորացել է: Հեռանկարում տեսականորեն կարելի է մի իրավիճակ պատկերացնել, երբ Թուրքիան կկարողանա վերջնականապես հաղթող դուրս գալ Ռուսաստանի հետ Հարավային Կովկասում ազդեցության համար մղվող պայքարում և կդառնա տարածաշրջանային քաղաքականության միակ դիրիժորը: Սակայն, այդ դեպքում ևս Թուրքիայի համար չափազանց անհեռանկարային կլինի հաշվի չառնել Հայաստանի շահերը: Մտավախություն ունեմ, որ Արևմուտքին աջակցելով Ադրբեջանը կոլապսի վտանգի առջև կհայտնվի»,-ասել է Սուխովը: Ըստ նրա, հնարավոր է նաև ռազմական պատասխան Իրանից: «Ավելի քիչ հավանական է, բայց հնարավոր նաև հարվածը Հայաստանի կողմից կամ առնվազն հակամարտության սրացումը Ղարաբաղում: Եվ իհարկե փախստականների հոսքեր, որոնք Ադրբեջանը չի կարողանա մարսել»,-ասել է նա, գրում է vesti.az-ը: