Հայաստանում կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառների ժամանակ իրացվել է 2500 տոննա գյուղմթերք

Հայաստանում կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառների ժամանակ իրացվել է 2500 տոննա գյուղմթերք

PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ այսօր կազմակերպել է «Հայաստանում գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացում» տեխնիկական աջակցության ծրագրի միջանկյալ աշխատաժողովը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է ներկայացնել և քննարկել ծրագրի ներկա վիճակը, բացահայտումներն ու առաջարկությունները, ինչպես նաև, գործողությունների իրականացման ծրագիրը: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցչի օգնական Գայանե Նասոյանը:

ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը բացման խոսքում մասնավորապես նշել է. «2011 թվականից սկսած Երևան քաղաքում կազմակերպվել են գյուղատնտեսական մթերքի տոնավաճառներ: Տոնավաճառի կարևորության մասին է վկայում են այցելուների անընդհատ աճող հոսքը և վերջիններիս ու գյուղացիական տնտեսությունների դրական արձագանքները: Տոնավաճառի կարևորությունից ու անհրաժեշտությունից ելնելով ` 2012 թվականին շարունակվեցին Կասյան փողոցի վերին հատվածին հարակից հրապարակում կազմակերպվող տոնավաճառները, միաժամանակ կազմակերպվեցին նաև նոր տոնավաճառներ` «Կենտրոն» վարչական շրջանում` «Այրարատ» կինոթատրոնի հարևանությամբ և «Մալիբու» սրճարանի տարածքում: Ընդհանուր առմամբ 2012 թվականին Երևան քաղաքի 3 տարածքներում կազմակերպվել է թվով 97 տոնավաճառ: Միջին հաշվով տոնավաճառներին գրանցվել են 10188 գյուղացիական տնտեսություններ, որոնք ներկայացրել են թվով 409 գյուղական համայնքներ: 2012 թվականին կազմակերպված բոլոր տոնավաճառների ընթացքում իրացվել է շուրջ 2500 տոննա գյուղմթերք»:

Աշխատաժողովին մասնակցում էին գյուղատնտեսական ոլորտում ընդգրկված տարբեր շահագրգիռ կողմերի մոտ 30 ներկայացուցիչներ: ՀՀ կառավարությունը իրականացնում է միջոցառումներ ուղղված ոչ պատշաճ ինստիտուցիոնալ կարգավորումների և գյուղմթերքի բացօթյա շուկաների նախագծման և կառավարման կարողությունների պակասի պատճառով շուկայավարման համակարգի անարդյունավետության վերացմանը: Այդ միջոցառումների հիմնական նպատակն է ապահովել փոքր ֆերմերների մուտքը շուկա և բարելավել մրցունակ գներով քաղաքաբնակ սպառողներին մատակարարվող սննդամթերքի որակը:

Նշենք, որ «Հայաստանում գյուղմթերքի բացօթյա մանրածախ շուկաների զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2012թ. հուլիսի 1-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---