Փակ շուկա. Ս. Ալեքսանյանին պատժելու առաջարկներ` քրգործ, անհնազանդություն, թե՞ նամակ նախագահին

Փակ շուկա. Ս. Ալեքսանյանին պատժելու առաջարկներ` քրգործ, անհնազանդություն, թե՞ նամակ նախագահին

PanARMENIAN.Net - Փակ շուկայի 1/3-ն արդեն ավերված է: Մենք այլևս չենք կարող փրկել հուշարձանը: Այս մասին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն ասել է Ճարտարապետների միությունում Փակ շուկայի թեմայով մտավորականության, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների նախաձեռնությամբ հրավիրված կլոր սեղան-քննարկման ժամանակ: Նա նաև ավելացրել է, որ կան մարդիկ, ում շահերն, ստացվում ՝ ավելի բարձր են պետության շահերից: «Ունենք մի վիճակ, որտեղ արհամարհված է պետության, Հայաստանի քաղաքացու շահը: Համոզված եմ, որ եթե լիներ կամք, հետևողականություն, կարող էին բռնել սեփականատիրոջ ձեռքը», - ասել է Լիլիթ Գալստյանը:

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը հիշեցրել է, որ այս խնդրով դիմել են երկրի ղեկավարությանը` նախագահին, ԱԺ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, սակայն որևէ արդյունք չկա. նախագիծ չկա, բայց շինարարական աշխատանքները շարունակվում են:

«1 տարի է՝ բոլորս համոզում ենք, որ շինարարությունը կանգնեցվի, սակայն շարունակվում է հուշարձանի ոչնչացումը: Մենք դիմել ենք բոլոր պատասխանատուներին, իսկ քաղաքապետարանը մեզ այնպես է պատասխանել, որ ամոթ է նույնիսկ կարդալ»,- ասել է Մկրտիչ Մինասյանն ու, այնուամենայնիվ, քննարկման մասնակիցների պնդմամբ կարդացել այն: Ըստ քաղաքապետարանի պատասխանի, կառուցապատողը առանց նախագծի շինարարական աշխատանքներ կատարելու համար ընդամենը 2 անգամ տուգանվել է: Հայաստանի դեմոկրատական կուսկացության առաջնորդ Արամ Սարգսյանի խոսքով՝ շինության սեփականատերը` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, արատավորել է պետության կողմից պահպանվող հուշարձանը: «Մենք պետք է պահանջատեր լինենք, որ սեփականատեր կոչվածը վերականգնի այն, ինչ ունեցել ենք, որ նրան զրկեն սեփականության իրավունքից ու նրա դեմ քրգործ հարուցվի»,- ասել է նա: Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նշված առաջարկին ավելցալացրել է դատախազություն դիմելու և սեփականատիրոջ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու անհրաժեշտությունը: Ըստ ճարտարապետ Աշոտ Ալեքսանյանի` իրավիճակին գնահատական կարող է տալ միայն հանրապետության նախագահը: Տիգրան Խզմալյանի խոսքով` խնդրի լուծման միայն մեկ ձև կա` անհնազանդություն:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը քննարկման վերջում ասել է, որ միանում է հնչած բոլոր կարծիքներին, կիսում բոլորի ցավն ու տեղեկացրել, որ շուկայի վերակառուցման նախագիծն արդեն քննարկման փուլում է: Հաջորդ շաբաթ հավանաբար կլինի եզրակացությունը: «Ըստ նախագծի, այն ինչ կառուցվել է, ոչ ամբողջովին, ապամոնտաժվելու է, պետք է ամրակայվեն, վերակառուցվեն շուկայի բոլոր 9 կամարները: Նախագծի հաստատումից հետո նոր կսկսեն աշխատել աշխատանքային նախագծի վրա»- ասել է Արև Սամուելյանը: Նա նաև նշել է, որ նախագիծը միանշանակ չէ ու դեռ քննարկում է լինելու, բայց մասնագիտական, ու չարժի մասնագիտական քննարկումը դարձնել հանրային:

Ներկաները որոշել են կրկին նամակ գրել երկրի ղեկավարին ու դիմել նաև դատախազություն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---