1 մարտի 2013 - 17:49 AMT
ԵՄ-ն 3 մլն եվրո կտրամադրի Հայաստանին հայրենադարձների վերաինտեգրման համար

Մարտի մեկին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպում ունեցավ Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գործակալության ներկայացուցիչ, Հայաստանյան գրասենյակի տնօրեն, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտի հետ, հայտնում է նախարարության մամլո ծառայությունը:

Վիրժին Արտոտը նախարարին ներկայացրեց ծրագիրը, որ մշակվում է ԵՄ-Հայաստան շարժունակության մասին համագործակցության շրջանակներում, և որի իրականացման համար Եվրամիությունը տրամադրել է 3 մլն եվրո: Տիկին Արտոտն ասաց, որ ծրագրի առաքելությունը Հայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հնարավորությունների ուժեղացումն է, վերաինտեգրմանն ուղղված գործողությունները: Ծրագիրն իրականացնում է Ֆրանսիայի իմիգրացիայի և ինտեգրման գրասենյակը, որի միջազգային գործընկերներն են՝ Բելգիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի համապատասխան գործակալությունները, իսկ Հայաստանյան գործընկերներն են ՀՀ կառավարության մի շարք գերատեսչություններ: Ծրագրի գործունեության 3 տարիների ընթացքում նախատեսվում է վերաինտեգրման օժանդակության համապարփակ ծրագիր մշակել, որը վերադարձող բոլոր հայ միգրանտների համար ճիշտ տեղեկատվության կապահովի և աջակցության հավասար հնարավորություններ կստեղծի:

ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը ողջունեց ծրագրի իրականացումը Հայաստանում՝ տեղեկացնելով, որ հայրենադարձված մեր հայրենակիցները պետության կողմից ստանում են լեզվի վերապատրաստման, առողջապահության, կրթության ոլորտների անհրաժեշտ աջակցություն, համապատասխան խորհրդատվություն: Նախարարը կարևորեց հայրենադարձների սեփական տուն և աշխատանք ունենալու հանգամանքը և խորհուրդ տվեց ծրագրի ղեկավար Վիրժին Արտոտին վերաձևակերպել ծրագրի որոշ դրույթներ և գործունեություն ծավալել նաև նշված ոլորտներում: Հ. Հակոբյանը նշեց, որ հայրենադարձված սիրիահայերի ինտեգրումը առավել արդյունավետ կլինի, եթե Հայաստանի որևէ մարզում սիրիահայերի համար կառուցվի բազմաբնակարան շենք: Նման պայմաններում նրանց աշխատանքի եկամուտները առավել հավասարաչափ ու նպատակային կծախսվեն: Մատնանշելով ՀՀ սփյուռքի նախարարության` Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի հետ համատեղ սիրիահայերի համար իրականացված վերապատրաստման ծրագիրն ու բիզնեսի վարկավորումը՝ նախարարը հյուրի ուշադրությունը հրավիրեց փոքր ու միջին բիզնեսի ծավալման ու կայացման ուղղությամբ աշխատանքներ կատարելու հեռանկարին:

Հանդիպման ավարտին կողմերը մտքեր փոխանակեցին համագործակցության հնարավոր տարբերակների վերաբերյալ, պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել, և հստակեցնել անելիքները: Ամփոփելով իր խոսքը, նախարարը հավելեց, որ այս գործում կարևոր է Սփյուռքի հայկական համայնքներում ծրագրի հնարավորությունների պատշաճ ներկայացումը, որը կապահովեն նախարարության համապատասխան ստորաբաժանումները: