2 մարտի 2013 - 15:17 AMT
Հայաստանում նախատեսվում է բացել WFTGA գիդերի տարածաշրջանային կենտրոն

Երևանում ընթանում է 12-րդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS): Այս տարվա ցուցահանդեսին մասնակցում են ավելի քան 75 կազմակերպություններ, որոնցից 58-ը` ՀՀ 11 մարզերից: Երկօրյա միջոցառման կազմակերպիչներն ակնկալում են այցելուներ Թուրքիայից, Վրաստանից, Հունաստանից, Եգիպտոսից, Արգենտինայից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Հայաստանի զբոսաշրջային ոլորտով հետաքրքրված այլ երկրներից: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիթաս Վրեսինգը: Վրեսինգը WFTGA փոխնախագահ, կրթական դեպարտամենտի ղեկավար Վիլյա Սիբիի հետ միասին մինչև 2013թ. մարտի 3-ը տեղում հանդիպումներ կունենան ու կքննարկեն Հայաստանում զբոսավարների միջազգային կրթական կենտրոն հիմնելու հնարավորությունը:

Ինչպես ասաց այսօր Երևանում Ֆելիսիթաս Վրեսինգը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում, առաջարկներ ներկայացնելու և վերջնական որոշում կայացնելու համար կազմակերպության տնօրենների խորհրդին կպահանջվի 8 շաբաթ: «Նման կենտրոնի ստեղծման նպատակն է միջազգային կարգի զբոսավարների պատրաստումը»,-ասել է նար՝ հավելելով, որ այդ կենտրոնում կուսանեն ոչ միայն տեղի մասնագետները, այլ նաև ուսանողներ տարբեր երկրներից:

Իր հերթին Մեխակ Ապրեսյանը նշեց, որ կենտրոնի ստեղծումը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը համաշխարհային զբոսաշրջային ոլորտում:

2013թ. մարտին Հայաստան կայցելեն Զբոսաշրջային գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFTGA) նախագահ Ռոզալինդ Նյուսլենդսն ու նրա տեղակալը: Հյուրերը հրավիրվել են քննարկելու համար Հայաստանում գիդերի ուսուցման ու վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու հնարավորությունը:

2012թ. Հայաստանում երկու միջազգային սեմինար է անցկացվել, ինչը լավ նախադրյալ է հանրապետությունում գիդերի պատրաստման տարածաշրջանային կենտրոն բացելու համար: