Նովրուզ Մամեդով. Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունները զարմանք են առաջացնում

Նովրուզ Մամեդով. Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունները զարմանք են առաջացնում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ, ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը մեկնաբանել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հայտարարությունն այն մասին, որ «Ադրբեջանն ու Վրաստանը Ռուսաստանի կողմից ապակայունացման իրական վտանգի առջև են»: Այդ մասին Սահակաշվիլին հայտարարել է Թբիլիսիի օդանավակայանում՝ Ադրբեջանից վերադառնալիս:

Newtimes.az-ին Մամեդովն ասել է, որ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի վերջին հայտարարությունները զարմանք են առաջացնում: Ըստ նրա, չնայած Ադրբեջանում ու Վրաստանում առկա գործընթացներում կարելի է զուգահեռներ գտնել, սակայն կան նաև բազում տարբերություններ:

«Յուրաքանչյուր երկիրն իր քաղաքականությունն է վարում, սակայն իրավիճակը մեր երկրներում տարբեր է: Բացի այդ, Սահակաշվիլիի այն հայտարարությունը, թե ՌԴ-ում մեր համայանքի որոշ ներկայացուցիչներ վտանգավոր դիրքորոշում են որդեգրել Ադրբեջանի հանդեպ, արտահայտում է զուտ նրա տեսակետը: Ես, որպես Բաքվում Սահակաշվիլիի հետ հանդիպումների մասնակից, կարող եմ հայտարարել, որ նման հարցեր մենք նրա հետ չենք քննարկել, և դրանում անհրաժեշտություն էլ չկար»,-ասել է նա: «Ցավում եմ, որ Սահակաշվիլին, Ռուսաստանի վերաբերյալ իր հայտարարության մեջ, անդրադարձել է նաև Ադրբեջանին»,-ասել է Մամեդովը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---