2 մարտի 2013 - 16:02 AMT
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հերթական զեկույցը. Դիտորդները զեկուցում են հետընտրական զարգացումների մասին

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտորդական առաքելությունը հրապարակել է «Հետընտրական միջանկյալ զեկույցը»: Զեկույցում անդրադարձ է կատարվում փետրվարի 19-ից 26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած հետընտրական զարգացումներին ու գնահատականներին:

Դիտորդական առաքելության բացասական է գնահատել քվերակությունն իր այցելած ընտրատեղամասերի միայն 5 տոկոսում: Դիտորդներն արձանագրել են գործընթացին անհարկի միջամտությունները, լարվածության մթնոլորտը, մարդկանց մեծ քանակությունը` ինչպես ընտրատեղամասերում, այնպես էլ դրանցից դուրս:

Ընտրություններին հաջորդած քաղաքական զարգացումների համատեքստում անդրադրաձ կա Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև փետրվարի 21-ին կայացած հանդիպմանը, որի մասնամասներն Րաֆֆի Հովհաննիսյանը հնչեցրել է փետրվարի 22-ի կայացած հանրահավաքին: Դրանց թվում ընտրախախտումները հետաքննելու, երկրորդ փուլ կազմակերպելու և արտահերթ խորհրդարանական ընտրություներ կազմկերպելու վերաբերյալ պահանջները, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության համաձայն` նախագահի կողմից մերժվել են: ՀՀ նախագահի աշխատակազմից դիտորդական առաքելությանը փոխանցել են, թե նախագահը Րաֆֆի Հովհաննիսյանին հավաստիացրել է ընտրակեղծարարներին պատժելու վճռականության մասին:

Միջանկյալ զեկույցում անդրադարձ կա փետրվարի 23-ից 26-ը անցկացված հանրահավաքներին, որոնց ընթացքում մի քանի ընդդիմադիր կուսակցություններ ու գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել ժողովդին: Դիտորդները նշել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքներ է անցկացնում Երևանում ու մարզերում, դրանք խաղաղ են և իշխանությունները չեն միջամտում: Սակայն ոստիկանությունը հայտարարել է, որ դրանք ապօրինի են եւ կարող են հանգեցնել վարչական պատասխանատվության:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության վերջնական արդյուքնների դիտարկման վերլուծության համաձայն` 1 988 ընտրատեղամասերից 1 746-ում արձանագրվել է 300-ից բարձր գրանցված ընտրողների քանակ: Նշվում է, թե 144 ընտրատեղամասերում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 80 տոկոսը, ինչը անհավանական բարձր է որակվում: Գործող նախագահը 80 տոկոսից բարձր ցուցանիշ է ստացել այդ տեղամասերից 115-ում: Ընտրողների բարձր մասնակցության հարաբերակցությունը Սերժ Սարգսյանին տրված ձայների բարձր ցուցանիշի հետ, զեկույցի գնահատմամբ, ընտրական գործընթացի ամբողջականության վերաբերյալ մտահոգություն է առաջացնում:

Միջանկյալ զեկույցի համաձայն` ընտրությունների վերջնական գնահատականը կախված է քվերակությանը հաջորդած փուլերի ամբողջական վերլուծությունից` ներառյալ ձայների վերջնական հրապարակումն ու հնարավոր բողոքների հետաքննության ընթացքը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կհրապարակի ընտրությունների ամբողջական զեկույցը, առաջարկություններով հանդերձ, ընտրություններից մոտ երկու ամիս անց: