2 մարտի 2013 - 16:49 AMT
Ջոնաթան Էյվսը՝ Մոսկվա կինոթատրոնում. Ֆիլմերը լավագույն միջոցն են երկրների միջև փոխըմբռնում հաստատելու համար

Այսօր Մոսկվա կինոթատրոնում տեղի ունեցավ Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուլեյանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, բրիտանական կինոյի տասնյակ սիրահարներ:

Գեղագիտության ազգային կենտրոնի թատրոն-ստուդիայի դերասանների փոքրիկ էտյուդներից հետո բացման խոսքով հանդես եկավ Արևիկ Սարիբեկյանը, ով նշեց, որ բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է հայ հանդիսատեսին ներկայացնելու բրիտանական կինոարվեստի լավագույն նմուշները: «Կինոարվեստն այն ազդեցիկ և տպավորիչ միջոցն է, որը թույլ է տալիս ներկայացնել ժամանակակից աշխարհի առջև կանգնած մարտահրավերների լուծման բրիտանացի ռեժիսորների մեկնաբանությունները»,- ասաց Արևիկ Սարիբեկյանը: Մեծ Բրիտանիայի դեսպանը նույնպես ելույթ ունեցավ: Նա նշեց, որ փառատոնը կարևոր դեր է կատարում երկու երկրների հարաբերություններում: «Իմ աշխատանքն է բարելավել հարաբերությունները Հայաստանի և Մեծ Բրիտանիայի միջև: Սրանից ավելի լավ միջոց ես չեմ տեսնում: Ես կարծում եմ՝ ֆիլմերը լավագույն միջոցն են երկրների միջև փոխըմբռնում հաստատելու համար»,- ասաց դեսպան Ջոնաթան Էյվսը: Դեսպանը հավելեց նաև, որ բացման արարողությանը ներկա է քանի որ փառատոնը բացող ֆիլմը` «Ակվարիում»-ը, իր ամենասիրելի ֆիլմերից է: «Ինձ թվում է գլխավոր դերակատարողուհին կապշեցնի ձեզ իր խաղով: Մյուս պատճառը, որ ես սիրում եմ այս ֆիլմը այն է, որ նկարահանումները կատարվել են Անգլիայի մի վայրում, որտեղ ինքս եմ ապրել: Այս ֆիլմը հիշեցնում է իմ մանկությունը»,-ասաց դեսպանը: Այս տարի փառատոնը նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան 2013 թվականը հռչակել է Ջրային համագործակցության միջազգային տարի: Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը, միանալով այս նախաձեռնությանը, ներկայացնում է ֆիլմեր նվիրված թեմայի բարձրաձայնմանը: Փառատոնը նաև ավելի հասանելի է դարձել: Այս տարի այն կանցկացվի նաև 3 մարզերում, ֆիլմերը կցուցադրվեն զորամասերում և համալսարաններում: