2 մարտի 2013 - 17:02 AMT
Armenian Navy Band-ը երկու նոր ձայնասկավառակներ է թողարկել. Եվս մեկը կթողարկվի մինչև տարեվերջ

Armenian Navy Band խմբի երկու նոր ձայնասկավառակների շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր, որին ներկա էին խմբի բոլոր անդամներն ու խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը: Երկու նոր ձայնասկավառակների՝ «Sound of Our Life.Part2: Ethno Dispensary» («Մեր կյանքի ձայնը.Մաս 2, Էթնո Դիսպանսեր»), և «Simple Like Water, Deep Like Water» («Ջրի պես պարզ, ջրի պես խորը») ձայնագրման աշխատանքները կատարվել են 2007 և 2008 թվականներին, սակայն որոշ տեխնիկական խնդիրների պատճառով լույս են տեսնում այս տարի: Ձայնագրման աշխատանքներն իրականացել են երևանյան ՎԵՄ ստուդիայում, մասթերինգը կատարվել է Լոս-Անջելեսի SK Mastering ստուդիայում հայտնի երաժիշտ և պրոդյուսեր Սկոտտ Քինզիի կողմից: Երկու ձայնասկավառակների երգերի ու երաժշտության հեղինակը, ձայնասկավառակների պրոդյուսերը Արտո Թունջբոյաջյանն է: Ձայնասկավառակները վաճառքում կլինեն մոտ մեկ շաբաթից:

«Sound of Our Life.Part2: Ethno Dispensary»-ը 2003-ին թողարկված «Sound of Our Life»- Part1 «Natural Seeds» («Մեր կյանքի ձայնը. «Մաս 1 Բնական սերմեր») ձայնասկավառակի գաղափարական շարունակությունն է: Այս ձայնասկավառակում ներառված են հիմնականում գործիքային կոմպոզիցիաներ: Ձայնասկավառակը ավանգարդ ֆոլկ ժանրում է`ֆոլկ, ջազ և ջազ-ռոք երաժշտության էլեմենտներով, տևողությունը`47 րոպե: Իսկ «Simple Like Water, Deep Like Water» ձայնասկավառակում ընգրկված են կառուցվածքային առումով ավելի թեթև ստեղծագործություններ: Այս ձայնասկավառակում հիմնականում ներառված են մելոդիկ երգեր, որոնցից շատերը հայտնի ու սիրված երգեր են, ինչպես «Ես չեմ նայում» և «Ուզում ես նե» երգերը: Ձայնասկավառակի տևողությունը 59 րոպե է: Ինչպես նշեց Արտո Թունջբոյաջյանը` այժմ աշխատանքներ են տարվում նոր ձայնասկավառակի վրա, որը կթողարկվի մինչև տարեվերջ, իսկ առաջիկայում համերգներ կլինեն Հայաստանում և արտերկրում: