Մանրամասներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից

Մանրամասներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից

PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումից մանրամասներ է ներկայացնում «Ժառանգություն» կուսակցությունը:

Ըստ կուսակցության տարածած հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած քաղաքական ճգնաժամի հետ առնչվող խնդիրներ: «Րաֆֆի Հովհաննիսյանը վերահաստատեց իր դիրքորոշումն առ այն, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները, համարելով դրանք կեղծված: Գագիկ Ծառուկյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչները նշեցին, որ Հայաստանի քաղաքացիների բացարձակ իրավունքն է պահանջել սեփական իրավունքների, այդ թվում` ընտրական իրավունքի հարգում: Նրանք նաև կիսեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և նրա շտաբի ներկայացուցիչների մտահոգությունները՝ երկրում ստեղծված քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի անընդունելի լինելու և փոփոխությունների հրամայականի կապակցությամբ: «Բարգավաճ Հայաստանը» ևս գտնում է, որ յուրաքանչյուր քայլի հանդիպող անարդարությունը, իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարման՝ սովորական դարձած գործելաոճը, օրավուր մեծացնում են հանրային դժգոհությունը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը, համաձայն որի «Բարգավաճ Հայաստանը» եղել ու մշտապես լինելու է ժողովրդի կողքին: Պայմանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու, այդ թվում արտահերթ լուծումներ առաջադրելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հանդիպմանը ներկա են եղել Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ներկայացուցիչներ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, շտաբի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---