ԵՄ-ԹՈՒՐՔԻԱ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿՍԵԼՈՒ ՕՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՑՈՒՅՑ

PanARMENIAN.Net - Եվրոպական երկրների հայ համայնքների շուրջ 3000 ներկայացուցիչներ հոկտեմբերի 3-ին ցույց են անցկացնելու Լյուքսեմբուրգում, որտեղ այդ օրը պաշտոնապես բացվելու են Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները: Ցույցին մասնակցելու նպատակով, Լյուքսեմբուրգ կժամանեն հայեր Ֆրանսիայից, Բելգիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Իտալիայից, Կիպրոսից ու Հունաստանից: Ինչպես նշեց ՀՅԴ Հայ դատի Արեւմտյան Եվրոպայի կազմակերպության ներկայացուցիչ Մուրադ Փափազյանը` «հազարավոր հայեր պետք է միանան ցույցին հանրահայտ փաստը հաստատելու համար եւ անգամ եթե բանակցությունները տեւեն 10-15 տարի այդ ընթացքում մենք կշարունակենք պայքարել, որպեսզի ստիպենք Թուրքիային ճանաչել հայերի ցեղասպանությունը»:

«Մենք դեմ ենք, որ Թուրքիան մտնի Եվրոպական Միություն եւ հայտարարում ենք` եթե Թուրքիան ցանկանում է շանս ստանալ Եվրամիություն մտնելու համար, նա պետք է նախապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Կիպրոսից հանի իր զորքերը, հարգի մարդու իրավունքները»,- նշել է նա: Մեկնաբանելով Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, որով կոչ է արվում Թուրքիային մինչեւ ԵՄ-ին անդամակցելը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Փափազյանը որակեց դա որպես «կարեւոր քայլ», ավելացնելով, որ այդ կետը իր տեղն է գտել բանաձեւում նաեւ շնորհիվ Եվրոպայի հայկական կազմակերպությունների ջանքերի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---