3 հոկտեմբերի 2005 - 18:16 AMT
Ռուսաստանի ներքին գործերի նախարարը բարձր է գնահատել ԱՊՀ ՆԳՆԽ աշխատանքը
Երեւանում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում Համագործակցության երկրների ՆԳՆ ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել ահաբեկչության, կոռուպցիայի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարին, հաղորդում է ՌԴ ՆԳՆ մամլո ծառայությունը: Մեկնաբանելով նիստի արդյունքները, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-գնդապետ Ռաշիդ Նուրգալիեւը հաղորդել է, որ հանդիպման մասնակիցները քննարկել են 2005 թվականի ահաբեկչությանը հակազդելու համատեղ ծրագրի կատարման ընթացքը: Նրա խոսքերով, Ռուսաստանի իրավապահ մարմինները համալիր օպերատիվ որոնողական միջոցառումներ են անցկացրել ԱՊՀ երկրներից ահաբեկչական բնույթի հանցագործությունների համար որոնման մեջ հայտարարված անձանց վերաբերյալ: «Արդյունքում մենք ունենք համատեղ արդյունավետ աշխատքնի վեց փաստ: Բոլոր դեպքերում մենք աշխատել ենք կանխարգելման նպատակով, եւ օպերատիվ, ինչպես երբեք»,-ասել է ՌԴ ՆԳՆ ղեկավարը: Այս տարվա մարտին Ադրբեջանում ձերբակալվել են Տատարստանի տարածքում գործող իսլամական «Ջամահաթ» շարժման մասնակիցները: Բացի այդ, հունիսին Յակուտիայում եւ Սանքտ Պետերբուրգում ձերբակալվել են 1998-2001 թվականներին Տաջիկստանում ահաբեկչական գործողությունների համար որոնման մեջ գտնվող երկու անձ: Ռաշիդ Նուրգալիեւը հաղորդել է, որ Ռուսաստանի ՆԳՆ-ն մասնակցել է ահաբեկչական եւ ծայրահեղական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների ցուցակի ձեւավորմանը: Նրա խոսքերով, «առաջարկություն է արվել «Թաբլիգի Ջամահաթ» միջազգային կազմակերպությունը ահաբեկչական ճանաչելու եւ Համագործակցության տարածքում նրա գործունեությունը արգելելու մասին: Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը հայտարարել է, որ ԱՊՀ երկրների Ներքին գործերի նախարարությունները նախատեսում են համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ անցկացնել 2006 թվականին Տաջիկստանում: «Ենթադրվում է, որ դրանց կմասնակցեն մի քանի երկրների հատուկ ստորաբաժանումներ»,-նշել է նախարարը: Ռ.Նուրգալիեւը հիշեցրել է, որ այս տարվա սեպտեմբերին Ռուսաստանի ՆԳՆ-ն արդեն համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ է անցկացրել Սմոլենսկում իր բելառուս գործընկերների հետ: «Հոկտեմբերի 10-ին Կրասնոդարում մենք նմանատիպ զորավարժություններ կանցկացնենք Հայաստանի ՆԳՆ հետ»,-ասել է նախարարը: Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարի ելույթում կարեւորվել է կաշառակերությանը հակազդելու հարցերին: «Տեղական սպառնալիքից կաշառակերությունը վերածվել է վտանգավոր տրանսազգային երեւույթի, որն անդրադառնում է ԱՊՀ բոլոր երկրների տնտեսության վրա»: «Համագործակցությունն ընթանում է ինտենսիվ տնտեսական ինտեգրման, տնտեսական կապերի ամրապնդման եւ փոխադարձ ներդրումների աճի ուղիով»: «Սովորական է դարձել խոշոր պայմանագրերի կնքումը, ուղղված մեր պետությունների գերակա ճյուղերի զարգացմանը»,-ասել է Նուրգալիեւը: Միեւնույն ժամանակ, «տեղի ունեցող գործընթացները լրացուցիչ խթան են հաղորդել նաեւ կոռուպցիային»: Այդ պատճառով, նշել է նախարարը, «այսօր շատ կարեւոր է ԱՊՀ տարածքում այդ երեւույթի` որպես կայուն զարգացման եւ անվտանգության իրական սպառնալիքի, տարածման վտանգի ընդհանուր ընկալումը»: «Կոռուպցիայի կապը կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության, թմրաբիզնեսի եւ ապօրինի միգրացիայի, զենքի եւ կենդանի ապրանքի առեւտրի հետ ընդլայնում է հանցավոր շրջապատի հնարավորությունները եւ բարդացնում է նման հանցագործությունների բացահայտումը»: Ռ.Նուրգալիեւը նշել է, որ «հակակոռուպցիոն գործունեությունը պետք է դառնա միասնական իրավապահ տարածության զարգացմանն ուղղված համատեղ ջանքերի անբաժան տարրը»: Որպես այդ ուղղությամբ արված հաջող աշխատանքի օրինակ նախարարը բերել է Ռուսաստանի եւ Բելառուսի ՆԳՆ-րի արդյունավետ համագործակցությունը: Նուրգալիեւը առաջարկել է գործընկերներին անցկացնել ԱՊՀ երկրներում տնտեսական եւ քաղաքական իրավիճակի վրա կաշառակերության ազդեցության համատեղ համալիր դիտարկում, եւ տալ դրան օբյեկտիվ գնահատական: Նրա խոսքերով, «ակտիվ եւ հարձակողական հակակոռուպցիոն գործունեությունը պետք է եւս մեկ քայլ լինի կոլեկտիվ անվտանգության ապահովման եւ համագործակցության մասնակից երկրների իրավապահ համակարգերի մերձեցման ճանապարհին»: Անդրադառնալով հակազդեցությանը ապօրինի միգրացիային` նախարարը հաղորդել է, որ տարեսկզբից Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 1300 արտերկրյա քաղաքացի: Նա ընդգծել է, որ «այսօր միգրացիան ազդում է ոչ միայն դեմոգրաֆիկ, սոցիալական եւ տնտեսական իրավիճակի, այլ նաեւ քրեածին իրավիճակի վրա, քանի որ ուղեկցվում է այնպիսի հանցագործություններով, ինչպիսիք են մարդկանց առեւտուրը եւ մաքսանենգությունը: Ռ.Նուրգալիեւը հաղորդել է, որ ամռանը Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը միջոցառումներ է անցկացրել ապօրինի միգրացիայի կանալները պարզելու, կեղծ անձնագրերի, միգրացոին քարտերի եւ այլ փաստաթղթերի օգտագործման փաստերը կանխելու նպատակով: «Ստուգվել է ապօրինի միգրանտների բնակության ավելի քան 30 հազար տեղ, հայտնաբերվել են 106,3 հազար վարչական իրավախախտումներ, որոնց համար պատասխանատվության են կանչվել ավելի քան 100 հազար քաղաքացիներ եւ կազմակերպություններ»,-նշել է նախարարը: Բացի այդ, ըստ նրա, միլիցիան ստուգել է 34,5 հազար գործատուների, որոնք օգտագործում են արտերկրյա բանվորների աշխատանքը: «Ստուգումների արդյունքում վարչական իրավախախտումների համար նշնակվել է 46,5 միլիոն ռուբլի ընդհանուր գումարի տուգանք»: Ռ.Նուրգալիեւը բարձր է գնահատել Խորհրդի աշխատանքը, նշելով, որ այն «ԱՊՀ գործադիր մարմիններից ամենագործուններից մեկն է»: «Մեր համագործակցությունը անցնում է գործնական ոլորտ, եւ մենք գործնականում միասին ենք լուծում անվտանգության եւ իրավակարգի պահպանման ընդհանուր խնդիրները»,-ամփոփել է Ռուսաստանի ՆԳՆ ղեկավարը: