Է. Շարմազանով. Արցախյան խնդրում իշխանություններն ու ընդդիմությունը պարտավոր են միասնաբար գործել

Է. Շարմազանով. Արցախյան խնդրում իշխանություններն ու ընդդիմությունը պարտավոր են միասնաբար գործել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 4-ին հանդիպեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ:

Ուսանողների խնդրանքով Էդուարդ Շարմազանովն անդրադարձավ Լիտվայի խորհրդարանի 9 պատգամավորների ՝ Արցախի խորհրդարանի հետ բարեկամության խումբ ստեղծելու նախաձեռնությանը: Նա ասաց, որ դա խիզախ քայլ էր հատկապես ադրբեջանական կեղծ քարոզչության ֆոնին, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է, որ Եվրոպայի՝ առողջ ձգտումներով քաղաքական գործիչները կարևորում են ինքնորոշման ճանապարհը բռնած ժողովուրդների ազատ ու անկախ ապրելու իրավունքը: Նրա գնահատմամբ՝ Լիտվայի ժողովուրդը ու նրա քաղաքական գործիչները միշտ էլ աչքի են ընկել քաղաքացիական կեցվածքով և անտարբեր չեն եղել ազատության համար պայքարող ժողովուրդների ճակատագրի հանդեպ: Էդուարդ Շարմազանովը Լիտվայի խորհրդարանում Արցախի հետ պատգամավորական բարեկամական խմբի ստեղծումն ու դրա հետ կապված հայտարարությունը ԼՂՀ միջազգային ճանաչման ճանապարհին լուրջ քայլ համարեց:

Այն հարցին, թե Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու համար ինչ սկզբունքներ են կարևոր, ԱԺ փոխնախագահը նկատեց, որ Հայաստանի իշխանությունները բազմիցս են նշել, որ Արցախի ժողովրդի ճակատագիրն ինքը պետք է տնօրինի և ինքն էլ որոշի, թե ինչպես է ուզում ապրել:Երկրորդ կարևոր հարցն այն է, որ Արցախը պետք է բանակցային կողմ ճանաչվի, առանց որի հնարավոր չէ պատկերացնել առաջին սկզբունքը, երրորդ՝ Ադրբեջանը պետք է դադարեցնի իր ռասիստական քաղաքականությունը, սթափ գնահատի ստեղծված իրավիճակը և իրատես լինի, ինչի համար միջազգային հանրությունն ավելի հետևողական պետք է լինի: Այնինչ Ադրբեջանը շարունակում է կառչել տարածքային ամբողջականության սկզբունքից՝ անտեսելով Արցախի ժողովրդի՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքը: Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ՝ հայ ժողովուրդը այսքան միասնական չի եղել ազգային նպատակների իրագործման հարցում, որը պայմանավորված է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ: «Այս ճանապարհին մենք իրավունք չունենք արկածախնդրության դիմելու,-ասաց ԱԺ փոխնախագահը,-ներկա պահին Արցախի միակողմանի ճանաչումը, ինչը այսօր պնդում է Րաֆֆի Հովհաննիսյանը, փակուղի կարող է տանել: Ես անընդունելի եմ համարում այս խնդրի շահարկումը, բայց և կտրականապես դեմ եմ արցախյան խնդրի անվան տակ երկրի ներսում առկա թերությունները կոծկելուն: Ներքին քաղաքականության մեջ կարող են անհամաձայնություններ լինել, բայց արտաքին քաղաքականության մեջ, մասնավորապես արցախյան խնդրում իշխանություններն ու ընդդիմությունը պարտավոր են միասնաբար գործել»:

Ուսանողներից մեկի այն հարցին, թե որոնք են արտաքին քաղաքականության մեջ Հայաստանի առաջնահերթությունները, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցում է ոչ թե «կամ, կամ», այլ «և, և» սկզբունքով՝ հիմքում դնելով ազգային-պետական շահը: Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, որի հետ մեր երկիրը անվտանգության ոլորտում սերտ հարաբերություններ է հաստատել: Արտաքին սպառնալիքներ ունեցող Հայաստանի համար դա ճիշտ ճանապարհն է, բայց չի խանգարում ՆԱՏՕ-ի հետ նույնպես լուրջ համագործակցություն ծավալելուն: «Մենք անկախ պետություն ենք, և մեր պետական շահից ելնելով՝ գործակցում ենք թե՛ եվրոպական երկրների, թե՛ ԱՄՆ-ի, թե ԱՊՀ և թե՛ աշխարհի շատ ու շատ երկրների հետ», -ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը ուսանողների խնդրանքով անդրադարձավ նաև հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին՝ տեղեկացնելով, որ այդ խնդիրը ՀՀ նախագահի լիազորությունների շրջանակում է: «Ակնհայտ է, որ Հայաստանը ոչ մի քայլ չի կատարի, մինչև Թուրքիան չվավերացնի արձանագրությունները,-ասաց Էդուարդ Շարմազանովը:-Տեղին է հիշել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հղումը ՀՀ նախագահի խոսքերին. «Գնդակը Թուրքիայի դաշտում է»: Միաժամանակ Հայաստանի համար անընդունելի է, երբ իր հետ խոսում են նախապայմանների լեզվով. սա շատ լավ է հասկանում նաև միջազգային հանրությունը»,- նշեց ԱԺ փոխնախագահը:

Ի պատասխան ուսանողների այն հարցին, թե Իրանի նկատմամբ արևմուտքի պատժամիջոցները չեն վնասում արդյոք հայ-իրանական հարաբերություններին, Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ Հայաստանը հավասարակշռված քաղաքականություն է որդեգրել նաև այս հարաբերություններում: Նրա գնահատմամբ՝ Իրանը մեր երկրի կարևոր գործընկեր հարևաններից մեկն է, և Հայաստանը նրա հետ տարածաշրջանային, ինչպես նաև տնտեսական լուրջ շահեր ունի և շահագրգռված է խնդրի խաղաղ հանգուցալուծմամբ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց նաև միջազգային հարաբերություններին վերաբերող այլ հարցերի, հայտնում է ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---