4 մարտի 2013 - 16:56 AMT
ԵՀՄՖ-ն մտադիր է հասնել Չեխիայի խորհրդարանում Խոջալուի մասին բանաձևի կասեցմանը

Մարտի 3-ին Բրատիսլավայի նորաբաց հայկական եկեղեցում մատուցվեց պատարագ` նվիրված Սումգայիթի, Բաքվի և Մարաղայի կոտորածների ժամանակ ադրբեջանական հրոսակների ձեռքից զոհված անմեղ հայերի հիշատակին: Անմեղ զոհերի հիշատակի հարգման արարողությունը կազմակերպված էր ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանի կողմից, իսկ պատարագը մատուցվեց Սլովակիայում, Չեխիայում և Հունգարիայում հոգևոր հովիվ, Հայր վարդապետ Բարսեղ Պիլավչյանի կողմից: Հայր Բարսեղն իր ելույթում դիմեց հավաքվածներին` խնդրելով միավորվել, դառնալ մի բռունցք` դիմակայելու համար թուրք-ադրբեջանական ճնշումներին ու լոբինգին, միաժամանակ չմոռանալով օգնել Հայրենիքին և Հայաստանում ապրող հարազատությանը` մշտական սատարելով նրանց և ֆինանսապես և բարոյապես:

ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը հավաքվածներին ներկայացրեց Չեխիայի պառլամենտին ուղղված իր բողոք-նամակի դիմաց ստացված պատասխանները` կապված Չեխիայի պառլամենտի արտաքին կապերի հանձնաժողովի, Խոջալույի դեպքերը որպես ցեղասպանություն հորջորջող, բանաձևի հետ: Պարոն Գրիգորյանը նշեց, որ ստացվել է Սլովակիայի Ազգային Խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ֆրանտիշեկ Շեբեյի պատասխանը, որտեղ հայտնի քաղաքական գործիչ և սոցիալիստական ժամանակաշրջանում հայտնի այլախոհ պարոն Շեբեյն ամբողջովին սատարում է ԵՀՄՖ-ին` հավաստիացնելով, որ Չեխիայի պառլամենտի ԱԿՀ-ի անօրինական որոշումը խիստ դատապարտում է ու վստահեցնում, որ Սլովակիայի պառլամենտն ամբողջովին դեմ է համանման անհիմն և անտրամաբանական բանաձևերի ընդունմանը հարևան երկրի պառլամենտի կողմից: Պարոն Գրիգորյանն ամբողջովին ընթերցեց նաև Չեխեսլովակիայի վերջին կառավարության վարչապետի առաջին տեղեկալ, Սլովակիայի առաջին վարչապետ, այսօր Սլովակիայի նախագահի թեկնածու, հայտնի քաղաքական գործիչ դր. Յան Չառնոգուրսկու և Սլովակիայի Ազգային Խորհրդի առաջին նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի միացյալ նամակ-դիմումը Չեխիայի պառլամենտի պատգամավորական սեյմի նախագահ տիկին Միրոսլավա Նեմչովային, որտեղ ուղղակիորեն ասվում է, որ եթե հայ ադրբեջանական հարաբերությունների մեջ լարվածությունը զարգանա և վերածվի պատերազմական գործողությունների, կարելի է վստըահորեն ասել, որ Չեխիայի պառլամենտը կունենա իր հսկայական լուման այդ գործում: Հայտնի քաղաքական գործիչները պահանջում են հաշվի առնել իրենց կարծիքը և գրավել օբյեկտիվ ու անաչառ դիրք այս խիստ զգայուն հարցի շուրջ: Դր. Աշոտ Գրիգորյանը հայտնեց իր խորին գոհունակությունը սլովակ քաղաքական գործիչների հասցեին և հայտարարեց, որ ԵՀՄՖ-ը կհասնի Չեխիայի պառլամենտում ԱԿՀ-ի կողմից ստորագրված բանաձևի կասեցմանը, դրանով հսկայական հարված հասցնելով Ադրբեջանի պետական ապարատին ու լոբիստներին` զրոյացնելով նրանց կողմից ծախսած հսկայական ֆինանսներն ու ջանքերը:

Պարոն Գրիգորյանը նշեց, որ սա նաև լուրջ նախազգուշացում է ՀՀ ԱԳՆ-ին իրենց կողմից տարվող թույլ և ոչ արհեստավարժ աշխատանքների հարցում, և պահանջ հիմնովին վերափոխելու Եվրոպայում վարվող ՀՀ ԱԳՆ-ի գործունեությունը, եթե չենք ուզում լիովին տանուլ տալ Ադրբեջանի դեմ վարվող դիվանագիտական պայքարում, ասվում է ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարության հաղորդագրության մեջ: