Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը

Տարոն Մարգարյանը հանձնարարել է պարզեցնել որոշ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը

PanARMENIAN.Net - Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է հսկողությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից տրամադրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինթույլտվությունների նկատմամբ:

Քաղաքացիների կողմից բնակելի նշանակության տարածքների, ինչպես նաև բնակելի տների նույն չափերով վերականգնման, բարեկարգման ու վերանորոգման և նման այլ աշխատանքների իրականացման համար տրվող թույլտվությունների կարգը հնարավորին պարզեցնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է մշակել փաստաթղթային ձևակերպումների նոր պազեցված ընթացակարգ և ներկայացնել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` շինարարության թույլտվություններ չպահանջող աշխատանքների ցանկն ընդլայնելու համար:

Մայրաքաղաքում գործող զվարճանքի օբյեկտները բազմաբնակարան բնակելի շենքերից որոշակի հեռավորության վրա շահագործելու հետ կապված` իրավաբանական վարչության պետը զեկուցել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ պատրաստվել է օրենսդրական նախագծերի փաթեթ:

Շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ մարտի 1-ից միկրոավտոբուսային երեք երթուղիներ փոխարինվել են ներկրված 36 ավտոբուսներով: Մասնավոր ընկերությունների կողմից ներկրվել է ևս 80 նոր ավտոբուս, որոնք առաջիկայում կշահագործվեն համապատասխան երթուղիներում:

Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ուղղաձիգ արագընթաց ավտոմայրուղու և Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող շրջանցիկ նոր ավտոճանապարհի կառուցման ընթացիկ աշխատանքների հետ կապված զեկուցվել է, որ Լենինգրադյան փողոցի հանգույցում մեկնարկել են թունելային հատվածի, Իսակովի պողոտայում էլ` ուղեանցի կառուցման աշխատանքները:

Մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման աշխատանքները, առաջիկայում կկատարվեն նաև փոսանորոգումներ: Բաց դիտահորերի կափարիչների պատվիրման և տեղադրման աշխատանքների ընթացքի հետ կապված` «Երևան ջուր» ընկերության տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթ պատվիրվել և տեղադրվել է 12 բաց դիտահորի կափարիչ:

Հանձնարարվել է նաև գույքագրել Երևանի տարածքում գտնվող հնամաշ և վթարավտանգ համարվող էլեկտրասյուները և դրանց վերականգնման կամ փոխարինման հետ կապված առաջարկություններ ներկայացնել:

Անդրադառնալով մայրաքաղաքի կանաչապատման նախապատրաստական աշխատանքներին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ այս շաբաթ լայն թափով կմեկնարկեն ծառերի սանիտարական էտման և ձևավորման աշխատանքները: Հանձնարարվել է հսկողություն սահմանել մայրաքաղաքում սանմաքրման աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Սեփականատերերի կամ վարձակալների կողմից իրենց օբյեկտների հարակից տարածքների պարտադիր բարեկարգման, սանիտարական մաքրման և այլ աշխատանքների իրականացման ուղղությամբ հանձնարարվել է ծանուցել տնտեսվարողներին կանաչապատման ու բարեկարգման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ: Այդ նպատակով տնտեսվարողներին կտրամադրվեն նաև կանաչապատման համար անհրաժեշտ բուսատեսակներ:

Քաղաքապետի հանձնարարությամբ մարտի 23-ը և 24-ը հայտարարվել են համաքաղաքային շաբաթօրյակի օրեր: Քաղաքապետարանի կողմից կտրամադրվեն շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ բոլոր պարագաները:

Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջանների հետ համատեղ աշխատանքներ են տարվել կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ, մայրաքաղաքում վաղ առավոտից կազմակերպվելիք տոնական տարատեսակ լայնամասշտաբ միջոցառումների հետ կապված, ասվում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---