5 մարտի 2013 - 14:05 AMT
Մարտի 5-ին Հենրիկ Իգիթյանը կդառնար 81 տարեկան

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը ծնվել է մարտի 5-ին Թբիլիսիում: Շուտով նրա ծնողները տեղափոխվում են Երևան, որտեղ Լարիկը (այդպես էին անվանում նրան ընկերներն ու ողջ Երևանը) Իգիթյանը 1956թ. ավարտեց Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1963թ.՝ Ռեպինի անվան կերպարվեստի, քանդակագործության ու ճարտարապետության ակադեմիայի արվեստագիտության ֆակուլտետը: 196-1971թթ. Իգիթյանն աշխատել է Հայաստանի Ազգային պատկերասրահում:

1970թ. նա բացեց աշխարհում առաջին Մանկական պատկերասրահն ու նրան կից Գեղագիտական դաստիարակության կենտրոնը (1978թ.), որը նրա մահից հետո ղեկավարում է եղբայրը՝ քանդակագործ Լևոն Իգիթյանը:

Շատերի հիշողության մեջ է մնացել Հենրիկ Իգիթյանի ելույթը ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում Սումգայիթյանի ջարդերից հետո:

Իգիթյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» և «Մխիթար Գոշ» մեդալներով, ինչպես նաև Լոս Անջելեսի համալսարանի ոսկե մեդալով, 2004թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը:

Հենրիկ Իգիթյանը վախճանվել է 2009թ. մայիսի 11-ին Երևանում: