5 մարտի 2013 - 16:05 AMT
Չինգիզ Սուլթանսոյ. Հայերը կարող են հաղթել ադրբեջանցի զինվորներին անգամ առանց կրակոցի

«Ադրբեջանական ղեկավարությունը բազում ռազմատենչ հայտարարություններ է անում հողերը վերադարձնելու ու այլ ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծելու մասին: «Այլ» ասելով նա նկատի ունի ռազմական ճանապարհը»,-գրում է անկախ ադրբեջանցի լրագրող Չինգիզ Սուլթանսոյը: Նա վստահ է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ռազմատենչ հայտարարություններից այն կողմ չի գնա: Սուլթանսոյը գրում է. «Սակայն, մի պահ պատկերացնենք, որ Ադրբեջանը սկսեց պատերազմը: Ի՞նչ կլինի հետո: Առաջինը, կպարզվի, որ թշնամին պատրաստ էր պատերազմին, առավել ևս, որ երկրի ղեկավարությունը վաղուց և բացահայտորեն զգուշացնում է նրան այդ մասին: Հակառակորդի մարտական, քաղաքական ու հոգեբանական պատրաստությունը կարող է մերին չզիջել, թեև նրանց իշխանությունները խուսափում են աղմկահարույց հայտարարություններից ու փիարից: Նրանց մոտ ավելի քիչ են գողնաում, ավելի քիչ են ստում, քանի որ ավելի շատ են սիրում հայրենիքը, իսկ ոչ կանոնադրական հարաբերություններ թեև կան, բայց մեզանում դրանք շատ ավելի են տարածված: Կաշառակերության մասին էլ չեմ խոսում: Համեմատեք, որքան են նրանց մոտ լինում կրակոցներ, սպանություններ ու «ինքնասպանություններ» բանակում, և որքան մեզ մոտ: Եթե պատերազմ սկսվի, հայերը ետ կմղեն Ադրբեջանի գովազդված առաջին հարվածը և կարող են հակահարձակման անցնել: Կրակոցներ լսելով, բանակի մեկ քառորդն արդեն կփախչի: Մյուս քառորդը, զենք ու զինամթերք ստանալով, կկոտորի երրորդ քառորդին և այն սպաներին, որոնք խմում էին նրանց արյունը՝ ծեծում էին, բռնաբարում, փող շորթում»:

Ադրբեջանցի լրագրողը վստահ է, որ հայերը կարող են հաղթել մնացած ադրբեջանցի զինվորներին անգամ առանց կրակոցի, եթե խոստանան Ադրբեջանի բանակին ու բնակչությանը վերջ տալ կաշառակերությանը հանրապետությունում, գնդակահարել ամենագաղափարային կաշառակերներին, մյուսներին համակենտրոնացման ճամբարներ տանել, ժողովրդավարական չկեղծված ընտրություններ անցկացնել և այլն:

Նկարագրելով մարտական գործողությունների սցենարը՝ Սուլթանսոյը գրում է. «Ադրբեջանի ԶՈւ բեռնատարների վարորդները, որոնք զինամթերք են տանում ռազմաճակատ, ստիպված կլինեն կաշառք տալ ճանապարհային ոստիկանությանը, որ նրանց թույլ տան անցնել: Առաջնային գծում զինվորները կվճարեն խոհարարին, որ իրենց կերակրեն: Կվճարեն նաև սպաներին, որ իրենց ավելորդ նռնակ տան: Ճիշտ է, Ադրբեջանում արտադրված նռնակները մեկ ու մեջ կպայթեն: Իսկ մեր դիպուկահարները, ցավոք, կկարողանան թիրախների միայն մեկ երրորդը կործանել»:

«Բարդ է պատկերացնել, թե մարտից առաջ ադրբեջանցի զինվորները կխնդրեն մահվան դեպքում իրենց համարել «Ենի Ազերբայջանի» անդամ կամ գրոհի կգնան «Հանուն Իլհամի» կարգախոսով, կամ որ ադրբեջանցի պաշտոնյաները ճակատ առքումների համար կաշառք չեն վերցնի, գրում է հեղինակը: «Կարո՞ղ եք պատկերացնել Ալի Հասանովին, որը բացատրում է ժողովրդին, թե ինչո՞ւ է Ադրբեջանի ազգային բանակը, որի բյուջեն երկու անգամ գերազանցում է Հայաստանի ողջ բյուջեն, նահանջում: Կամ Ալի Ահմեդովին, որը կոչ է անում է իր կուսակցության անդամներին որպես կամավոր մեկնել ռազմաճակատ, որպես օրինակ բերելով Զիա Մամեդովի որդուն, որը բոլոր զինվորների պես է սնվում: Կարո՞ղ եք պատկերացնել նախագահ և գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևին դաշտային զինվորական համազգեստով, որը ոչ բարձր ձայնով և ծանրակշիռ, Ստալինի պես, դիմում է ժողովրդին ուղիղ եթերում՝ «Մեր գործն արդար է», «Թշնամին չի անցնի»: «Ի՞նչ գործ, ո՞ւր չի անցնի»,-հարցնում է Սուլթանսոյը haqqin.az. կայքում: