5 մարտի 2013 - 16:15 AMT
2013 թ. հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 29.1 մլրդ դրամ հավելուրդով

ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի եկամուտները հունվար ամսին կազմել են 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 46.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 34.1%-ով և 20.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի ծրագրի կատարումը: 2012 թվականի հունվարի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 27.9%-ով կամ 16.4 մլրդ դրամով, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 94.8%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.2%-ը` այլ եկամուտների հաշվին:

2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 71.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 33.9%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 28.5%-ով կամ 15.8 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի և շահութահարկի գծով մուտքերի աճով, ինչպես նաև հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխություններով, որոնց համաձայն 2013 թվականից ներդրվել է երկու նոր հարկատեսակ` եկամտային հարկ և շրջանառության հարկ: Նշված եկամտատեսակների գծով հունվար ամսին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել համապատասխանաբար 3.6 մլրդ դրամ և 310.8 մլն դրամ:

ՀՀ 2013 թվականի հունվար ամսվա պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել են 23.8%-ով կամ 8.9 մլրդ դրամով: Ընդ որում, աճ է արձանագրվել և´ ընթացիկ ծախսերի, և´ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 44.4 մլրդ դրամ` 20.8%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվարի համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 22%-ով կամ 8 մլրդ դրամով:

2013 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է ավելի քան 29.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 1.2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -25.5 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -3.6 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում պակասուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 29.3 մլրդ դրամով` առաջին եռամսյակի ծրագրով նախատեսված 28.7 մլրդ դրամ օգտագործման փոխարեն, հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: