5 մարտի 2013 - 17:59 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան. Չարաճճի, փոքրիկ ՀՀԿ-ականներին ես կասեմ` բարև, ձեր օրերը հաշված են

«Ես չեմ հանձնելու, իրենք պիտի հանձնեն իշխանությունը ժողովրդին», - Ազատության հրապարակում նման հայտարարությամբ սկսեց իր հանրահավաքը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Ես հետևում եմ ամեն ինչին, յուրաքանչյուր մանրամասնին, իշխանության ջղաձգության և կարող եմ մեկ առ մեկ պատասխանել ամեն մի հարցի: Մեծ վերադարձի մեջ ենք մենք այսօր: Ամսի 10-ին` կիրակի օրը ժամը 5-ին այդ ծրագրի բեկումը կտեսնեն: Միայն նկարիչները թող նկարչությամբ զբաղվեն: ԿԸՀ-ն այլևս նկարչությամբ չպիտի զբաղվի», - հայտարարեց նա:

Ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի` մի շարք պետություններ կատարեցին հակաժողովրդական, ամոթալի ճանաչումներ` շնորհավորելով Սերժ Սարգսյանին: Դրանով այդ երկրները մեղսակից դարձան բռնատիրական ու հակասահմանադրական հանցագործության:

«Դեռ ուշ չէ վերանայման համար:Ողջ հայությունը պահանջում է ճանաչել մեր իրավունքներն ու փետրվարի 18-ին ընտրված սահմանադրական իշխանությունը: Նոր Հայաստանում բոլորը պիտի ունենան ինքնամաքրվելու հնարավորությունը: Հստակ իմացեք օրակարգի փոփոխություն չկա: Այս անգամ բոլորը գիտեն, որ բերել է այս հաղթանակը, որ այս անգամ ժողովրդի դեմ խաղ չի լինելու, և ես դա փաստելու եմ ձեզ», - խոստացավ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարան դիմելուն ` Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք մեկ, վերջին հնարավորություն են տվել ՍԴ դատավորներին` ուղղել կախվածությունը գործադիրից, և գրանցել ժողովրդի հաղթանակը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ իրենք նամակով հրավիրեցին նախագահին, վարչապետին և Երևանի քաղաքապետին, բայց նրանք չեկան: «Իրենք չուզեցին ժողովրդի հայացքը կիսել և հաշվետվություն ներկայացնել: Ոչ էլ ռիսկ արեցին ինձ հրավիրելու: Իրենք գիտեին, որ եթե հրավիրեին, ոտքով կգնայի, կներկայացնեի ժողովրդի պահանջը: Մենք խոսքով անելիք չունենք, մերը անելիքն է: Մենք չենք թուլանալու, ոչ ձյուն, եղանակի փոխոխություն մեզ չի շեղելու այս ճանապարհից», - ասաց նա:

Վաղվանից Րաֆֆի Հովհաննիսյանն իր կողմնակիցների հետ մեկնելու է մարզեր: Մարտի 6-ին նա լինելու է Տավուշի մարզում: Մարտի 7-ին` առավոտյան հանդիպելու է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի հետ: Ժամը 11-ին կլինեն Թալինում, 12:30-ին` Արթիկում, 14:00` Գյումրիում, 16:00` Վանաձորում, 17:30` Սպիտակում, 18:30` Ապարանում:

«Վերջում էլ այդ չարաճճի, փոքրիկ ՀՀԿ-ականներին, ովքեր Սերժ Սարգսյանի փոխարեն ինձ փորձում են նեղացնել: Ես մի բան կասեմ` բարև, ձեր օրերը հաշված են, դուք շուտով փոքրամասնություն եք դառնալու ու կանգնելու եք դատարանի առջև»: