6 մարտի 2013 - 11:28 AMT
Հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար մարտի 8-ի նվերը կլինի իրենց համար նախատեսված բլոգը

Մարտի 8-ին տեղի կունենա հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգի շնորհանդեսը: Բլոգի նպատակն է հնարավորություն ընձեռել կանանց կիսվել իրենց խնդիրներով և հաջողություններով, քննարկել իրենց հուզող հարցերը և լուծումներ առաջարկել դրանց համար: Բլոգի ստեղծմանն աջակցել է Մոբիլիթի Ինթերնեյշնլ ԱՄՆ կազմակերպության Սիդ գրանտս ծրագիրը, որին հովանավորվում է Չենլ հիմնադրամը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից, միջոցառմանը կներկայացվի նաև «Ես ունեմ մայրանալու իրավունք» գրքույկը, որը թարգմանել և հրատարակել է «Ագատ» հատուկ կարիքներով կանանց կազմակերպությունը:

Այսօր Հայաստանում հաշմանդամություն ունեցող աղջիկներն ու կանայք ակտիվությամբ աչքի չեն ընկնում: Ի տարբերություն տղամարդկանց, ովքեր ունեն նույն խնդիրները, աղջիկները կրկնակի խոցելի են նախ իրենց սեռի, ապա նաև հաշմանդամության պատճառով:

Խնդիրների հիմնական պատճառը ընտանիքի բացասական վերաբերմունքը, հասարակական կարծրատիպերը, համատարած անմատչելիությունը, բռնությունն ու շահագործումը, կրթութական և առողջապահական ծրագրերի, զբաղվածության անհասանելիությունն են:

Միջոցառման նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել այս խնդիրներին և կոչ անել հասարակական կազմակերպություններին և պետական մարմիններին իրենց ծրագրերում և չշրջանցել հաշմանդամություն ունեցող կանանց կարիքները:

2012-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցում նշվում է, որ հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին համեմատաբար ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին: Հաշմանդամություն ունեցող տղաների և աղջիկների ընդհանուր հարաբերակցությունը 2:1 է, իսկ մանկատներում այն գրեթե հավասարվում է: Ընդհանուր առմամբ, մանկատներում գտնվող հաշմանդամություն ունեցող տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի շատ և նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկները: Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները. սեռերի միջև տարբերություններն ավելի ակնհայտ են մարզային քաղաքներում: Հաշմանդամություն ունեցող տղաների 5%-ը և աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տանից կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով: