6 մարտի 2013 - 11:35 AMT
Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ ԱԽ-ում քննարկվել է 1325 բանաձևի իրականացումը

Մարտի 4-ին Նյու Յորքում ՄԱԿ-ում Հայաստանի և Էստոնիայի մշտական ներկայացուցչությունների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայ օգնության միության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ հրավիրվել էր քննարկում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» 1325 բանաձևի իրականացման հարցի շուրջ:

ՄԱԿ-ի կենտրոնատեղիում անցկացված քննարկումները նախագահեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, իսկ որպես բանախոսներ հանդես եկան Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Պաետը, ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման մարմնի խաղաղության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականը, տվյալ բնագավառում պատկառելի միջազգային փորձառություն ունեցող Կանանց կարգավիճակի հանձնաժողովի և Կին խաղաղարարների համաշխարհային ցանց կազմակերպության ներկայացուցիչները, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

Լեփ-լեցուն դահլիճում (ավելի քան 140 մասնակից) տեղի ունեցած քննարկումների ընթացքում մասնակիցները, որոնց թվում էին նաև անդամ պետությունների, ՄԱԿ-ի մարմինների պաշտոնյաներ ու փորձագետներ, անդրադարձան Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կատարման ընթացքին և, մասնավորապես, ապագա այն մարտահրավերներին ու խոչընդոտներին, որոնց հետ շարունակվում են առնչվել ինչպես կառավարությունները, այնպես էլ կանանց հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

Բանախոսները կոչ արեցին անդամ պետություններին հստակ քայլեր ձեռնարկել կանանց խնդիրներին լուծումներ գտնելու, «1325 հայեցակարգը» իրագործելու, ինչպես նաև այդ առթիվ գործողությունների ազգային ծրագրեր իրականացնելու ուղղությամբ: Դրական գնահատելով քննարկումը և շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին` մասնակիցները քննարկման ավարտին հարցեր ուղղեցին բանախոսներին և հանդես եկան հետաքրքիր ու կառուցողական մեկնաբանություններով: