5 հոկտեմբերի 2005 - 14:18 AMT
Հայաստանը հուսով է, որ ԵՄ-ի հետ բանակցությունների սկիզբը կդրդի Թուրքիային բացել սահմանը
«Բանակցությունների սկիզբը Եվրամիության հետ ակնհայտորեն նոր որակ է հաղորդում ԵՄ-Թուրքիա հարաբերություններին»,-հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո քարտուղար Համլետ Գասպարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ընկալում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը անդամակցության շուրջ Թուրքիայի եւ Եվրամիության միջեւ սկսված բանակցությունները եւ արդյո՞ք այդ բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա` հատկապես Թուրքիայի կողմից Հայաստանի հետ սահմանի բացման եւ Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Ըստ Հ.Գասպարյանի, այս փուլում Թուրքիայում ակնկալվում են արմատական փոփոխություններ: Ուստի Հայաստանը հուսով է, որ ԵՄ անդամակցության գործընթացի սկիզբը կդրդի վերջինիս հնարավորինս արագ բացել սահմանները Հայաստանի հետ, ինչպես նաեւ իրական քայլեր կատարել իր երկրի ներսում փոքրամասնությունների իրավունքների լիակատար ապահովման, խոսքի ազատության եւ այլ ժողովրդավարական արժեքների ու չափանիշների հաստատման ուղղությամբ: «Մենք հուսով ենք նաեւ, որ այդ ընթացքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը , ինչը Եվրախորհրդարանը իր վերջին որոշմամբ համարել էր նախապայման ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար»:,-հայտարարել է Հ.Գասպարյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: