6 մարտի 2013 - 12:17 AMT
Լարիսա Ալավերդյանը զինված խմբեր ունեցող օլիգարխներին կոչ է անում ռիսկի չդիմել և սադրանք չկազմակերպել

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, նախորդ գումարման ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ողջունում է բոլոր այն մարդկանց, ովքեր 1996 թվականից առ այսօր ընտրությունների կեղծիքների վերաբերյալ բողոքում են: «Ոչ մեկը չի կասկածում, որ կեղծվել են ընտրությունները, կեղծողները գիտեն, որ կեղծել են և գիտեն ինչպես, ներսը գիտի, դուրսը գիտի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա՝ շատ քչերն էին սպասում այսպիսի զարգացումների, իշխանություններին թվում էր թե 2008-ի այդ սարսափելի ակցիան, որ իրականացվել է իրենց կողմից, դրանով հանգստացրել են ժողովդրին՝ մտածելով որ ժողովուրդը չի բարձրացնի իր ձայնը:

Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ ոչ այնքան կարևոր է, թե ում են տվել մարդիկ իրենց ձայները, այլ թե ում դեմ են դրանք: «Արդեն բոլորը համոզված են, որ այս ընդդիմությունը չի գնալու որևէ միջոցների, որոնք առնվազն առիթ լինեն իշխանությունների համար սադրանքների: Մենք ունենք ավելի պատրաստակամ, և հուսամ, բաց ու թափանցիկ բանակցությունների գնացող ընդդիմություն, որի քայլերը չեն նմանվելու պայմանավարվածությունների: Պետք է հուսանք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը և միավորված ընդդիմությունը մերժելու է պայմանավորվածությունների ճանապարհը: Ինձ համար թափանցիկ չեն բանակցությունները, և այս դեպքում իմ ուղերձը Րաֆֆի Հովհաննիսյանին է ուղղված»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Նախկին պատգամավորը նկատեց, որ իշխանությունից պահանջվում է երկու հստակեցում՝ կառավարությունը ով և ինչպես պետք է լինի: «Իշխանությանը ավելի մեծ պատիվ կբերի օր առաջ այս կառավարությունից և ծրագրից հրաժարվելը: Իսկ այն, որ ԱԺ նախագահը հայտարարում է, որ հնարավոր չէ լուծարել ԱԺ: ՀՀԿ չքնաղ պատկերացնում է, թե ժողովրդի մեջ եղած դժգոհությունը ինչպես պետք է հարթել: Երեկ նախկին կարկառուն ընդդիմադիր մեկը հայտարարում է, որ բոլոր վերահսկողական օղակներում կարող են լինել ընդդիմադիր ուժեր:Ինչո՞ւ չի կարելի քաղաքկան լուծումները տանել իրավական ճանապարհով: Իշխանությունը հստակ գիտի, որ կարող է գնալ իրավական ճանապարհով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ որքան էլ խոսենք ով է քաղաքական դաշտում դիակ կամ ուրվական, այսօր ժողովրդին հուսախափ անողը լինելու է իշխանությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի առնվազն հինգ քայլերի մեջ շատ պարզ դրված է, որ գումարները պետք է վերադարձվեն բյուջեն: «Եկեք սկսենք նոր էջից մեր երկրի նոր ճանապարհով զարգացումը: Դեռ հույսեր ունեմ, որ իշխանության թևը կարող է իր մեջ ուժ գտնել, եթե չգտնի ժողովուրդը պետք է պայքարի»,- ասաց նա: PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին՝ արդյո՞ք հստակ է, թե ինչ ծրագիր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը, Լարիսա Ալավերդյանը պատասխանեց. «Նախևառաջ, պետք է փոքր ինչ կասկածներ հայտնեմ այն բոլոր քաղաքագետների ասածին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ չի արտահայտվում: Շատ ավելի հեշտ է ասել, որ անորոշ է: Պետք է հստակեցվի, դա ես էլ եմ ասել: Ուղղակի հանդես գալ, ճիշտ չէ: Իսկ անորոշության մեջ քաղաքկան ինտրիգ կա: Եթե շատ պարզ է նրա քայերի հաջորդականությունը, իշխանությունն ավելի հմուտ է լինում այդ նախապես հայտարարված քայերին դիմադրելիս՝ պատ կազմելու միջոցով: Ես կարծում եմ անորոշության մեջ կա նաև ուժեղ կողմ, բայց սա երկար տևել չի կարող: Ես համոզված եմ, որ ձայների փոքրամասնությունն է վերցնում իշխանությունը»: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին Ազատության հրապարակում կանգնած մարդկանց, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ ինքը նկատում է, որ մարդիկ են հարթակից ելույթներ ունենում, ովքեր կուսակցության ծրագրերին լրիվ հակադիր դիրքերից են հանդես եկել: «Ինձ համար խորթ է, որ հարթակից մարդիկ են կարող հանդես գալ, որոնք որոշ ժամանակ առաջ բոլորովին այլ դիրքերից էին խոսում»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը կոչ արեց զինված խմբեր ունեցող օլիգարխներին ռիսկի չդիմել և չկազմակերպել այն սադրանքը, որից իշխանությունները իրենց փորձում են հեռու պահել: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ 2008-ի մարդի դեպքերի էջը դեռ բաց է. «Եթե մենք չենք ներում ոսոխին, ում դիպուկահարից զոհվել է մեր զինվորը, մենք դա չպետք է ներենք նաև ներսում: Ներսում եղածն էլ պետք է չներվի»: