7 մարտի 2013 - 14:18 AMT
Ընդունվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» հայեցակարգը. Լավ է ուշ, քան երբեք

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հայեցակարգին:

«Հայեցակարգն ուղղված է փոքր կենտրոնի գերկառուցապատման կանխարգելմանը»,-հայտարարել է ճեպազրույցում ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը: Փաստաթղթով սահմանազատված է փոքր կենտրոնի տարածքը՝ Կասկադից, Սարալանջի փ., Չարենցի փողոցով և մինչ «Ռուսաստան» կինոթատրոնին ու Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածք:

Ինչպես հավաստիացրել է Ռուզան Ալավերդյանը, հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը բխում էր նրանից, որ մայրաքաղաքի կենտրոնում չեն կարող կիրառվել կառուցապատման այն նորմերը, որ կիրառվում են հանրապետության մյուս տարածքներում: Դա թույլ կտա ընդլայնել կանաչապատ տարածքները, կանոնակարգել կառուցապատումը պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ:

Հայեցակարգի սկզբունքներից մեկը «կանաչ» ճարտարապետության սկզբունքն է, էներգախնայող տեխնոլոգիաները: Առաջարկվում է արգելել տանիքների ու վերին հարկերի մասնավոր վերակառուցումները, ներմուծվել է «կանաչ տանիք» հասկացությունը: Հրազդանի կիրճը դիտարկվում է որպես կանաչ բուֆերային գոտի:

Մեկնաբանելով լրագրողների այն հայտարարությունը, թե իշխանությունները ուշացրել են «հայեցակարգի ընդունումն ու փոքր կենտրոնն արդեն ամբողջությամբ կառուցապատված է», փոխնախարարը համամիտ չի եղել այդ տեսակետին, ասելով. « Լավ է ուշ, քան երբեք»: