8 մարտի 2013 - 12:30 AMT
Պան Գի Մունը աշխարհի բոլոր կանանց ասում է, որ ՄԱԿ-ը նրանց կողքին է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է, որ մարդկությունը Կանանց միջազգային օրը տոնելիս պետք է հետադարձ հայացք նետի մեկ տարվա ընթացքում կանանց և աղջիկների դեմ կատարված` բռնությամբ ուղեկցվող հանցագործություններին և հարցնի թե ինչպես հիմք դնել ավելի լավ ապագայի: «Այս տարի Կանանց միջազգային օրը մենք մեր զայրույթը գործի ենք վերածում: Մենք հայտարարում ենք, որ կանանց դեմ հանցագործություն կատարած անձինք պատասխանատվության կենթարկվեն, և մենք երբեք թույլ չենք տա, որ կանայք պատժի ենթարկվեն այն ոտնձգությունների համար, որոնցից նրանք տուժել են: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը` պայքարելու առողջությանն սպառնացող համընդհանուր այս վտանգի դեմ, որտեղ էլ որ այն թաքնված լինի` տանը թե աշխատավայրում, պատերազմական գոտիներում թե խաղաղ երկրներում, ինչպես նաև այն մարդկանց գիտակցության մեջ, ովքեր թույլ են տալիս, որ բռնությունները շարունակվեն: Մենք նաև հատուկ խոստում ենք տալիս կանանց, ովքեր գտնվում են հակամարտության գոտիներում, որտեղ սեռական բռնությունը շատ հաճախ դառնում է պատերազմի գործիք՝ ուղղված արժանապատվության ոչնչացման միջոցով թշնամու ստորացմանը: Այդ կանանց մենք ասում ենք. ՄԱԿ-ը ձեր կողքին է: Որպես գլխավոր քարտուղար` ես պնդում եմ, որ հակամարտություններում սեռական բռնությունների ենթարկված բոլոր զոհերի բարեկեցությունը պետք է լինի մեր գործողությունների առաջնային գծում: Եվ ես հանձնարարում եմ իմ ավագ խորհրդականներին խաղաղարարության, խաղաղապահության և խաղաղաշինության մեր բոլոր գործողություններում առաջնային դարձնել մեր արձագանքը սեռական բռնություններին: ՄԱԿ-ի համակարգը ծավալում է «Միավորվենք ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» քարոզարշավը, որը հիմնված է պարզ, բայց և հզոր խոստման վրա, այն է` բոլոր կանայք և աղջիկներն ունեն մարդու հիմնարար իրավունք՝ ապրելու բռնություններից զերծ»,-ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում::