8 մարտի 2013 - 14:51 AMT
Աթլետները շնորհավորում են բոլոր կանանց և կոչ անում զբաղվել սպորտով

Այսօր էլ Հայաստանում քիչ չեն այն աղջիկները, ովքեր մարզվում են աթլետիկայով:

Նրանցից է վազորդ Լուսինե Կարայանը, որն ատլետիկայով զբաղվում է դեռ դպրոցական տարիքից:

«Առանց ատլետիկայի ես չեմ պատկերացնում իմ կյանքը: Այս մարզաձևն ընկած է բոլոր սպորտաձևերի հիմքում, այն շատ գեղեցիկ է ու հաճելի է պարապել աթլետիկայով»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց Կարայանը: Նա գտնում է, որ աթլետիկան հենց կնոջ մարզաձև է. բացի գեղեցիկ կառուցվածքից, ձեռք ես բերում նաև կամքի ուժ ու հոգեպես կոփվում ես:

Կրկին վազորդ Դիանա Խուբեսերյանն էլ համոզված է, որ սպորտը բոլորի համար է` անկախ սեռի պատկանելությունից. «Սպորտն առողջ ապրելակերպ է: Սպորտով զբաղվելով` ես կարողացել եմ հաղթահարել տարբեր դժվարություններ, որոնց հանդիպել եմ նաև առօրյա կյանքում»:

Հայ մարզուհիներն ի սրտե շնորհավորեցին բոլոր կանանց` մաղթելով երջանկություն, անսահման սեր և կոչ արեցին զբաղվել սպորտով: