8 մարտի 2013 - 14:59 AMT
Աննա Մովսիսյան. Գեղեցիկ կազմվածք ձեռք բերելու համար խորհուրդ եմ տալիս զբաղվել թենիսով

Կանայք յուրահատուկ հմայք ու գեղեցկություն են հաղորդում սպորտին: Սա հիանալի են հասկանում նաև Հայաստանի թենիսի կանանց հավաքականի անդամները:

Աննա Մովսիսյանն արդեն երկար տարիներ է հանդես է գալիս Հայաստանի թենիսի հավաքականում և մասնակցել է բազմաթիվ մրջազգային մրցաշարերի: Նա գտնում է, որ թենիսն ամենականացի մարզաձևն է: «Այն առաջին հերթին գրավում է երկրպագուներին իր դիտարժանությամբ: Գեղեցիկ կազմվածք ձեռք բերելու համար խորհուրդ եմ տալիս զբաղվել թենիսով»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Մովսիսյանը:

Հավաքականի մյուս խաղացող Անի Ամիրաղյանը առաջին հայ թենիսիստուհին է, որն ամենաբարձր տեղն է զբաղեցրել կանանց վարկանշային աղյուսակում: Նա 11 տարի է նվիրել այդ մարզաձևին և չի պատկերացնում, թե երբևէ դրանից կհրաժարվի:

«Սպորտով զբաղվելը շատ դժվար է, որովհետև շատ ժամանակ է խլում: Ես շատ դժվարությունների միջով եմ անցել իմ կարիերայի ընթացքում: Եղել են ցավեր, վնասվածքներ, բայց երբեք չեմ հանձնվել»,- խոստովանել է նա:

Նրանց թիմակից Օֆելյա Պողոսյանի կարծիքով էլ սպորտը օգնում է ավելի առույգ, շարժուն և երիտասարդ մնալ:

Թենիսիստուհիները շնորհավորում են բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ և ցանկանում են, որ նրանք միշտ գեղեցիկ և երջանիկ լինեն: