ԱՄՆ Պետդեպ. Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, լուրջ դեր չունի թմրանյութերի տարանցման մեջ

ԱՄՆ Պետդեպ. Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, լուրջ դեր չունի թմրանյութերի տարանցման մեջ

PanARMENIAN.Net - Հայաստանը լուրջ դեր չունի թմրանյութերի տարանցման մեջ, քանի որ մեկուսացման մեջ է: Նա չունի ելք դեպի ծով, ցամաքային չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, փակ են: Այս ամենը նվազեցնում է Հայաստանի գրավչությունը որպես թմրանյութերի տարանցման երթուղի»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Թմրանյութերի հսկողության միջազգային ռազմավարություն» զեկույցում:

Փաստաթղթում ասվում է նաև, որ թմրանյութերի արտադրության մեջ Հայաստանի դերը փոքր է, իսկ դրանց կիրառման մակարդակը երկրում չափավոր: Ընդ որում, ամենատարածված թմրանյութը Հայաստանում մարիխուանան է, անցյալ տարի իրավապահ մարմինները ոչնչացրել են 82 տոննա մարիխուանա:

Զեկույցում ասվում է, որ նշված շրջանում Հայաստանում առգրավված թմրանյութերի ծավալն այս շրջանում նվազել է: Այդ փաստը ոստիկանությունը բացատրում է նրանով, որ 2011-2012թթ. ոչնչացվեցին մի քանի խմբեր, որոնք զբաղվում էին թմրանյութերի տարանցմամբ:

Միևնույն ժամանակ աճում են Իրանից Հայաստան Մեղրիով և Արաքս գետով թմրանյութերի ներմուծման փորձերը: Օրինակ, անցյալ տարի բացահայտվեց իրանա-հայկական սահմանով թմրանյութերի տեղափոխման յուրօրինակ մեթոդ: «Թմրանյութերը տեղադրվում էին լուսադիոդային պլաստիկ գնդերի մեջ և գիշերը Արաքսի իրանական ափից տեղափոխվում էին հայկական ափ: Նույն միջոցով իրականացվում էր վճարումը»,-ասվում է զեկույցում:

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը ավելի մեծ մարտահրավերների առջև են կանգնում: Թմրանյութերի շրջանառության հիմնական երթուղիներից մեկը, սկսվելով Աֆղանստանում, անցնում է Իրանով դեպի Ադրբեջան և Վրաստան, իսկ այնտեղ արդեն դեպի Ռուսաստան ու Եվրոպա: «Ադրբեջանի տարածքով ամեն տարի տեղափոխվում է 11 տոննա հերոին: Վրաստանի համար հատկանշական է նաև թմրանյութերի սեփական ընդհատակյա արտադրությունը, այդ թվում ամֆետամինների հիման վրա: Վերջերս տարածում է ստացել «Կոկորդիլոս» անվանումով թմրանյութը»,-ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում, գրում է Գրուզիա Օնլայնը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---