10 մարտի 2013 - 16:21 AMT
Ֆրանսահայ համայնքը միանում է Րաֆֆի Հովհաննիսյանին և համաժողովրդական շարժմանը

Հայաստանի ժողովրդական շարժման ֆրանսահայ համայնքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ համայնքը միանում է համաժողովրդական շարժմանը: հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Նկատի ունենալով,որ 1996 թվականից Հայաստանում մշտապես կեղծվել են բոլոր տեսակի ընտրություններն, որոնց արդյունքում գործող իշխանությունները հրապարակել են ընտրությունների իրական պատկերը չարտահայտող արդյունքներ և բռնագրավել իշխանությունը, որ մինչ այժմ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձանց կողմից էլ ստեղծվել և աստիճանաբար կատարելագործվել է իշխանական-թալանչիական համակարգ քրեա-օլիգարխիկ կառուցվածքով, որ անպատասխանատվությունը, սուտը, կեղծիքը, շողոքորթությունը, քծնանքը, ինքնագոհությունը և ինքնագովերգումը, անօրինականությունը և օրինազանցությունը, ղեկավարներին ստորանալու ունակությունը դարձել է պետական կառավարման նորմ, իսկ պետական ունեցվածքը և պաշտոնները, պետական պարգևները՝ կաշառելու միջոց, որ սփյուռքահայ հանրությունը պատշաճ չափով չի ընդգրկվել ազգային, պետական հարցերի լուծմանը, արհեստականորեն խոչնդոտվել է սփյուռքահայության գործունեությունը մայր հայրենիքում և սփյուռքահայը դիտվել է լոկ որպես փողի աղբյուր:

Ինչպես նաև արձանագրելով, որ 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները կեղծվեցին, հերթական անգամ միայն այն տարբերությամբ, որ այս անգամ ընտրությունների ընթացքում կիրառվեցին ընտրակեղծարարության ամենակատարելագործված մեխանիզմներ, որ ժողովրդին զրկեցին իր ընտրական իրավունքը իրացնելու հնարավորությունից և Հայաստանի հասարակության ձգտումները չամրագրվեցին ընտրություններով, որ իրենց իսկ վարած ապազգային քաղաքականության պատճառով հայրենիքից արտագաղթած բազմահազար (մոտ 800 000) ընտրողներին զրկեցին ընտրելու իրենց սահմանադրական իրավունքից, որ ընտրությունների արդյունքում հրապարակվեցին թվեր, որոնք ոչ մի եզր չունեն ընտրությունների իրական պատկերի հետ եւ հերթական անգամ փորձ է արվում բռնազավթել իշխանությունը,

Գտնում ենք, որ Հայաստանի ներկա իշխանական համակարգը ոչ մի իրական և իրավական աղերս չունի Հայաստան պետության և Հայաստանի հասարակության հետ, այն ապօրինի է և օտար, ուստի պետք է հեռացվի, որ գործող ռեժիմը ժողովրդին զրկել է օրինական ընտրական մեխանիզմով իր կամքը արտահայտելու հնարավորությունից, ստիպել է ժողովրդին ընտրելու իշխանափոխության այլընտրանքային ուղի եւ հետընտրական պայքարիամբողջ պատասխանատվությունը ընկնում է իր վրա, որ Հայաստանի հասարակության համաժողովրդական պայքարը ազգային ազատագրական է իր բնույթով , ուստի միանում ենք համաժողովրդական շարժմանը:

Կոչ ենք անում համաժողովրդական պայքարի ելած հայ ժողովրդին եւ այդ շարժման նվիրյալ առաջնորդներին ընտրված նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ մինել միաձույլ ու հաստատակամ: Իմացած եղեք, որ ձեր պայքարին զորավիգ են սփյուռքի ձեր ազգակիցները: Առանձնահատուկ կոչով դիմում ենք ուժային կառույցների աշխատակիցներին և ծառայողներին ժողովրդի նկատմամբ երբեք չկիրառել բռնություն, չիրականացնել ապօրինի նախագահ Սերժ Սարգսյանի հրահանգները, չծառայել նրաանձնական շահերին:

Նկատի ունեցեք, որ մենք բոլորս հայ ենք եւ միասնաբար, հզոր Հայաստանով, աշխարհասփյուռ հայությամբ պետք է դիմագրավենք մեզ սպառնացող արհավիրքներին: Գիտցած եղեք, որ ձեր յուրաքանչյուրի անխոհեմ, հակաժողովրդական քայլը մնալու է ժողովրդի հիշողության մեջ եւ գալու է վերահաս ժամանակը պատասխանատվության: Իսկ պատասխան եք տալու ոչ միայն դուք, այլեւ ձերսերունդները, լինի դա Հայաստանում, թե սփյուռքում: Կեցցե ազատատենչ հայ ժողովուրդը և այն ազատ Հայաստանը, որ նոր պետք է կերտվի»:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի ցույց էր տեղի ունեցել: