7 փետրվարի 2003 - 21:52 AMT
ՍՈՉԻՈՒՄ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆԸ
Սոչիում պատրաստվում են Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը: Արդեն մինչեւ ամառային հանգստյան սեզոնի սկիզբը, ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, Սոչիի բոլոր կայարանները պատրաստ կլինեն Ռուսաստանի եւ Հարավային Կովկասի երկրների` Վրաստանի ու Հայաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերսկսմանը: «Առայժմ Սոչիից էլեկտրագնացքներ են մեկնում միայն մինչեւ Սուխումի: Սակայն մենք հուսով ենք, որ շուտով մեր չվացուցակում վերստին կհայտնվեն նախկինում մեծ ժողովրդականություն վայելող Մոսկվա-Թբիլիսի, Մոսկվա-Երեւան գնացքները»,- հաղորդել է Ադլերի վագոնների նորոգման կայանի պետ Վալերի Դելովը: Ռուսաստանի սահմանային Վեսյոլոյե կայարանում մինչեւ ապրիլ ամիսը նախատեսվում է կառուցել մաքսային տաղավար` Ռուսաստանից մեկնող ուղեւորների ուղեբեռներն ստուգելու նպատակով: