7 հոկտեմբերի 2005 - 18:00 AMT
Թորբեն Հոլցե. Տնտեսական իրավիճակը Հարավային Կովկասում էապես բարելավվել է
Եվրամիության «Ընդլայնված Եվրոպա.Նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում Հարավային Կովկասի երկրների կողմից ներկայացված գործողությունների ծրագրերի քննարկումը կսկսվի մոտակա երկու շաբաթվա ընթացքում` մինչեւ հոկտեմբերի վերջ: Այդ մասին հայտարարել է Վրաստանում եւ Հայաստանում Եվրահանձնաժողովի ներկայացուցչության ղեկավար, դեսպան Թորբեն Հոլցեն, որը մասնակցում էր հոկտեմբերի 6-ին Երեւանում իր աշխատանքները սկսած Հայաստանի Ազգային ժողովի եւ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» համատեղ քառօրյա սեմինարին` «Անվտանգությունը Հարավային Կովկասում» թեմայով: Դիվանագետի խոսքերով, քննարկումների գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ եւ արդեն 2006 թվականի գարնանը գործողությունների ծրագրերը կընդունվեն: Նա նաեւ նշել է, որ քննարկումները սկսելուց հետո տարածաշրջանի յուրաքանչյուր երկրին կցուցաբերվի անհատական մոտեցում ըստ նրա ձեռքբերումների: Թորբեն Հոլցեն նկատել է նաեւ, որ փաստաթղթի դրույթների չկատարումը չի հանգեցնի իրավական պատժամիջոցների, սակայն կունենա քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ: Թ.Հոլցեն տեղեկացրել է, որ գործողությունների ծարգրի շրջանակներում նախատեսվում է աջակցել տնտեսական զարգացմանը, Էներգառեսուրսների օգտագործման տնտեսմանը, ինչպես նաեւ ԱԷԿ-ի փակման գործընթացին, սոցիալական հարցերի լուծմանը, ժողովրդավարության զարգացմանը, շուկայական տնտեսությանը անցնելու փուլի ավարտին, ներդրումային մթնոլորտի ակտիվացմանը: Ընդ որում դեսպանը ընդգծել է, որ հիմնական նպատակը ԵՄ հետ առավել սերտ քաղաքական համագործակցության հաստատումն է եւ Հայաստանի ինտեգրումը եվրոպական ընտանիքին: Նրա խոսքերով, մասնակցությունը այդ ծրագրին կնպաստի Հայաստանի մասնակցությանը այլ եվրոպական նախագծերին ամենատարբեր ոլորտներում: Եվրամիության առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ դեռեւս որոշված չէ այն գումարը, որը ներդրվելու է այդ ծրագրի մեջ, սակայն միանշանակ է, որ այդ գումարը բավականին մեծ է լինելու: Նա ընդգծել է, որ 2001 թվականի համեմատությամբ տնտեսական իրավիճակը տարածաշրջանի երկրներում էապես բարելավվել է` ավելացնելով, որ տնտեսական զարգացումը կայունության եւ ժողովրդավարության գրավականն է: Ըստ նրա, 2001 թվականի համեմատ էական առաջընթաց է նկատվում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նշենք, որ 1991-ից մինչեւ 2005 թվականը ԵՄ-ն ընդհանուր առմամբ Հայաստանին է տրամադրել 400 մլն եվրո. 220 մլն` պարենային անվտանգության եւ մարդասիրական ծրագրերի համար, 100 մլն` TACIS-ի շրջանակներում, 30 մլն` միջուկային անվտանգության ծրագրին եւ 30 մլն` մակրոտնտեսական ծրագրերի համար, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: