12 մարտի 2013 - 13:38 AMT
Վարդան Մինասյան. Նախորդ տարվա համեմատ Յուրա Մովսիսյանը զգալի առաջընթաց է ապրել

Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը խոստովանել է, որ Յուրա Մովսիսյանի ռմբարկուի տաղանդի մասին նախկինում էլ լավ գիտեր, սակայն «Սպարտակի» կազմում դեբյուտային խաղում հեթ-տրիկի չէր սպասում: «Սակայն, ընդհանուր առմամբ զարմացած չեմ, որ խաղը հզոր ու արդյունավետ անցավ: Հաշվի առնելով Մովսիսյանի ներուժը, դեռ հունվարին, երբ նա պայմանագիր կնքեց «Սպարտակի» հետ, ես վստահ էի, որ նա կխաղա մոսկովյան թիմում: Հուսով եմ, Յուրան նույն ոգով կշարունակի»,-Մինասյանի խոսքն է մեջբերում sport-express.ru-ն:

Ըստ մարզչի, թիմը հայ ֆուտբոլիստի համար նոր է, սակայն նա շարունակում է հանդես գալ առաջնությունում, որտեղ արդեն երրորդ տարին է խաղում: Ուստի, ըստ Մինասյանի, մրցակիցները՝ և խաղացողները, և ակումբները, պետք է լավ ծանոթ լինեն: «Սպարտակն» իր բազմազգ կազմով հակված է հարձակողական խաղի, թիմին հատուկ է արագ անցումը պաշտպանությունից գրոհի: Կարծում եմ, դա թույլ կտա Մովսիսյանին իրեն զգալ իր տարերքի մեջ»:

Նա նշել է, որ նախորդ տարվա համեմատ Մովսիսյանը զգալի առաջընթաց է ապրել: «Հուսով եմ, որ Մովսիսյանը Չեխիայի հետ խաղում լավագույն մարզավիճակում կլինի»,-ասել է Մինասյանը: