12 մարտի 2013 - 11:55 AMT
Դեսպան Նազարյանը ՄԱԿ-ում. Նոր լիցք է պետք հաղորդել գենդերային հավասարության խթանմանը

Նյու Յորքում իր աշխատանքներն է շարունակում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 57-րդ նստաշրջանը, որի մարտի 11-ի նիստին ելույթ ունեցավ կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը: Ընթացիկ նստաշրջանի առաջնային թեման է «Կանանց և աղջիկների դեմ բոլոր տեսակի բռնությունների վերացումն ու կանխարգելումը»:

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, գնահատելով հանձնաժողովի դերը որպես գենդերային հավասարության և կանանց առաջխաղացման հարցերի քննարկման հեղինակավոր համաշխարհային հարթակ` դեսպան Նազարյանը վստահություն հայտնեց, որ Նյու Յորքում գումարվող ամենամյա քննարկումները հնարավորություն են տալիս երկխոսություն ծավալել կանանց հիմնախնդիրները վերհանելու և դրանց լուծման ուղիները գտնելու համար: Ներկայացնելով հարցի շուրջ Հայաստանի մոտեցումները` դեսպանը կարևորեց «Կանանց կարգավիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերակատարության ամրապնդման գործողությունների ազգային ծրագիրը», որը հստակ սահմանում է Հայաստանում կանանց հիմնախնդիրների լուծման սկզբունքները, առաջնահերթությունները և հիմնական թիրախները: Նա նաև նշեց, որ Պեկինի համաշխարհային համաժողովից գրեթե երկու տասնամյակ անց կանանց նկատմամբ բռնությունը կանխելու ուղղությամբ պետությունները միջոցներ են ձեռնարկում` ամրապնդելով քաղաքական, իրավական և ինստիտուցիոնալ դաշտը, բարելավելով բռնության զոհերի համար ծառայությունների մատչելիությունը: Դեսպան Նազարյանը նկատեց, որ չնայած այդ ջանքերի, կանանց նկատմամբ բռնությունները շարունակվում են` ստանալով նոր ձևեր ու դրսևորումներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց, որ ՀՀ-ն շարունակում է սերտորեն համագործակցել միջազգային կառույցների հետ` խթանելու և կյանքի կոչելու «Կանայք, խաղաղություն ու անվտանգություն» օրակարգը: Նա իր ելույթը եզրափակեց` նշելով, որ «Անհրաժեշտ է օգտագործել ազգային, տարածաշրջանային և գլոբալ հարթություններում բոլոր հնարավորությունները` նոր լիցք հաղորդելու գենդերային հավասարության ու կանանց կողմից սեփական իրավունքներից օգտվելու գործի խթանմանը, ինչպես նաև կառուցելու ռազմավարական գործընկերություն այդ օրակարգով առաջ շարժվելու համար»: