12 մարտի 2013 - 12:18 AMT
Քաղաքագետ. Հացադուլը պայմանավորված է Ր.Հովհաննիսյանի և իր թիմակիցների անպատրաստ լինելով

Հայաստանում հետընտրական զարգացումների էտապն ավարտվել է, դա փետրվարի 21-ին էր, երբ հանդիպեցին Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը: Նման կարծիքի է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետՍերգեյ Մինասյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ու իր թիմակիցների համար դժվար է լինելու պահել քաղաքական ալիքը, քանի որ դա ոչ ոքին դեռ չի հաջողվել: Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլին, նա ասաց, որ հնարավոր է՝ այն ավարտվի երդմնակալության օրը: «Քաղաքական այս պայքարի ձևն ուղղված է գործող նախագահի համար դժվարություններ ստեղծելուն՝ կապված երդմնակալության հետ: Հացադուլը չի կարող կտրականապես փոխել երկրում քաղաքական պատկերը»,- ասաց քաղաքագետը:

Սերգեյ Մինասյանը կարծում է, որ հացադուլը պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմակիցների անպատրաստ լինելով: «Նա մինչ այդ գնում էր քաղաքական իմպրովիզների ճանապարհով: Սակայն Րաֆֆի Հովհաննիսյանին չհաջողցվեց պահել առկա ռեսուրսը, և հացադուլը ոչ այդքան հուսահատության, որքան քաղաքական պայքարի մեխանիզմը փոխելու ձև է: Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը նաև զգայական էր: Այս որոշումը սկսված պրոցեսը ավարտելու միջոց է»,- պարզաբանեց նա:

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգության» հնարավորություններին, Սերգեյ Մինասյանը նկատեց, որ ի տարբերություն նախագահական ընտրությունների, վիճակը բարդանում է, քանի որ ընտրություններին մասնակցելու են այլ ընդդիմադիր քաղաքական ուժեր: