Սիրիահայերի համար դեռ առաջնահերթ են բնակարանի և աշխատանքի տեղավորման խնդիրները

Սիրիահայերի համար դեռ առաջնահերթ են բնակարանի և աշխատանքի տեղավորման խնդիրները

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Սփյուռք նախարարության մամուլի բաժնից;Հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը կարևորել է սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված համատեղ ջանքերն ու գործելու պատրաստակամությունը: Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նա ներկայացրել է երևանաբնակ սիրիահայ ընտանիքների սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Ռ. Զաքարյանը նշել է, որ սիրիահայերի համար իրականացվող ծրագրերն առավել հասցեական և նպատակային դարձնելու համար կատարվել է սոցիալական-վիճակագրական վերլուծություն, գնահատվել են կարիքներն ու առաջնահերթությունները: Այս ուսումնասիրության համաձայն մեկ անգամ ևս հաստատվել է, որ սիրիահայերի համար առաջնահերթ են բնակարանային և աշխատանքի տեղավորման հարցերը:

Մինչև օրս 156 սիրիահայ ընտանիք Երևանի քաղաքապետարանից դրամական աջակցություն՝ բնակարանային վարձավճարի, դեղորայքի տեսքով օգնություն է ստացել: 215 ընտանիք ստացել է կենցաղային իրեր, 66 ընտանիք պարենային մթերքների տեսքով օգնություն: Ներկայումս 11 ընտանիք օգտվում է բարեգործական ճաշարաններից, 31 տարեց ստանում է կենսաթոշակ:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը ներկայացրել է սիրիահայերի համար նախատեսված կրթական ծրագրերը՝ առանձնացելով ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ 2012 թվականի ամռանը կազմակերպված արևելահայերենի արագացված ուսուցման ծրագիրը, ինչպես նաև՝ հոկտեմբեր ամսին Երևանի թիվ 14 դպրոցում ստեղծված սիրիական կրթական ծրագրով գործող «Կիլիկյան» դպրոցը, որտեղ դասավանդում են սիրիահայ ուսուցիչներ: Այժմ դպրոցում սովորում է 370 աշակերտ:

ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր և միջին Արևելքի վարչության պետ Լուսինե Ստեփանյանը ներկայացրել է վերջին 2 ամիսներին ՀՀ գերատեսչությունների, այդ թվում՝ ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած աշխատանքները: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Հայկ Դարբինյանը փաստել է, որ սրտային հիվանդությունների հետազոտումը սիրիահայերի համար ևս անվճար է, անհրաժեշտության դեպքում պոլիկլինիկաներում անվճար կարգով կտրամադրվեն նաև 150 անուն դեղ:

Նիստը ամփոփել է ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը: Որոշվել է Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության հետ համատեղ սիրիահայերի համար լեզուների ուսուցման կենտրոն բացել, որտեղ կկազմակերպվեն արևելահայերենի, ռուսերենի և, ցանկության դեպքում նաև այլ լեզուների արագացված դասընթացներ: Նախարարը նշել է, որ նախնական քննարկման փուլում է սիրիահայերի համար, իրենց մասնակցությամբ երևանամերձ մի շարք բնակավայրերում բնակարաններ կառուցելու հարցը:

Նիստի ավարտին հաստատվել է Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2013 թվականի աշխատանքային ծրագիրը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---