Օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն ծնելիության մակարդակի բարձրացմանը

Օրենսդրական փոփոխություններ, որոնք կնպաստեն ծնելիության մակարդակի բարձրացմանը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հիմնական զեկուցող Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ապահովման, ծնելիության խթանման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման անհրաժեշտությամբ:

Օրենքի նախագծի հիմնական փոփոխությունները կատարվել են 6-րդ և 11-րդ հոդվածներում: Մասնավորապես՝ 6-րդ հոդվածը լրացվել է 7-րդ մասով, ըստ որի՝ կինն իրավունք ունի անվճար կամ արտոնյալ պայմաններով ստանալու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում: 11-րդ հոդվածում կատարված լրացմամբ՝ անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը:

Նշվել է, որ նախագծի ընդունումը կնպաստի սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության և սպասարկման հասանելիության ավելացմանը, որն իր հերթին կնպաստի Հայաստանում ծնելիության մակարդակի բարձրացմանը, ընտանիքների պահպանմանը և ժողովրդագրական ցուցանիշների բարելավմանը, ինչպես նաև հնարավորություն կտա ընտանեկան նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների զույգերին (ընտանիքի անապահովության 30 և ավելի միավորի դեպքում), ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով, առնվազն մեկ անգամ անվճար օգտվելու նշված ծառայությունների ամբողջական փաթեթից: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքի նախագծին՝ ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի և մարտի 18-21-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---