Մոնղոլացի բժիշկները եկել են հայկական ընտանեկան բժշկության փորձն ուսումնասիրելու

Մոնղոլացի բժիշկները եկել են հայկական ընտանեկան բժշկության փորձն ուսումնասիրելու

PanARMENIAN.Net - Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Առողջապահության նախարարությունից:

Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող Մոնղոլիայի առողջապահության նախարարությունն այն կարծիքին է, որ հայկական փորձի ուսումնասիրությունը հնարավորություն կտա զարգացնելու համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն և իրականացնելու առողջության առաջնային պահպանման ռազմավարության բարեփոխումներ:

Ընդունելով Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդհանուր գծերով ներկայացրել է անկախացումից հետո առողջապահական համակարգում իրականացված բարեփոխումները։ Ընդգծելով առողջության առաջնային օղակի կարևորությունը` փոխնախարարն անդրադարձել է ընտանեկան բժշկության ներդրման ուղղությամբ իրականացված քայլերին և այդ ինստիտուտի գործարկմանը։

Սերգեյ Խաչատրյանը վստահեցրել է, որ նախարարությունը պատրաստակամ է ներկայացնել ընտանեկան բժշկության կայացման մեր երկրի փորձը և նպաստել, որ Մոնղոլիայի պատվիրակության այցն արդյունավետ լինի։

Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակության ղեկավար Բաասայ Բուլգանչիմեգը նշել է, որ իրենք տեղեկացված են, որ վերջին տարիների ընթացքում ընտանեկան բժշկությունը Հայաստանում կայացել է, և այս ոլորտում հայ մասնագետների փորձը լավագույնն է տարածաշրջանի երկրներում։ Այնուհետև Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությունը և ՀՀ առողջապահության նախարարության մասնագետներն անցակցրել են աշխատանքային քննարկումներ։

Պատվիրակության անդամները կայցելեն հանրապետության տարբեր մարզերում գործող ընտանեկան բժշկության գրասենյակներ, կուսումնասիրեն տրամադրվող ծառայությունների մատուցմանը, դրանց որակի հսկողությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպչական, ֆինանսական և այլ հարցեր։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---