14 մարտի 2013 - 12:02 AMT
Ռոբերտ Շտիգլից. Մագդեբուրգում ես Աբրահամից կվերցնեմ WBO գոտին

Գերմանացի բռնցքամարտիկ Ռոբերտ Շտիգլիցը, որը մարտի 23-ին ռևանշ-մենամարտ է ունենալու գերմիջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Արթուր Աբրահամի հետ, խոստովանել է, որ խառը զգացմունքներ է տածում, երբ հիշում է իրենց առաջին մենամարտը:

«Թեև ես զիջեցի Աբրահամին միավորներով, այնուամենայնիվ գտնում եմ, որ դա մեծ մենամարտ էր: Մեր երկրպագուները հիացած էին, նշանակում է ռևանշի հանդեպ հետաքրքրությունն ավելի մեծ կլինի: Գլխավորն այն է, որ ես ցանկանում եմ վերադարձնել իմ տիտղոսը»,-Շտիգլիցի խոսքերն է մեջբերում eastsideboxing.com-ը:

Նա նշել է, որ իրենց առաջին մենամարտում բոլոր ռաունդներում Աբրահամն ավելի լավ էր գործում, սակայն նրան չհաջողվեց հաղթել նոկաուտով: «Արդյունքը ինձ չզարմացրեց: Ինձ հիմնականում նյարդայնացնում են իմ սխալները, սակայն երկրորդ անգամ ես թույլ չեմ տա նման սխալներ: Իմ մարզիչը վերլուծել է այդ մենամարտը, սակայն, ես չեմ ասի, թե ինչպես եմ գործելու մարտի 23-ին: Յուրաքանչյուրը, նույնիսկ Արթուրը, գիտի, որ տեխնիկապես ես եմ հաղթել»:

Շտիգլիցն ասել է, թե գիտի ինչպիսին է Աբրահամն իր լավագույն մարզավիճակում: Գերմանացի բռնցքամարտիկը խոստովանել է, որ Աբրահամը լավագույն Շտիգլիցին դեռ չի տեսել: «Հաղթողը և աշխարհի չեմպիոնը Ռոբերտ Շտիգլիցն է լինելու: Մագդեբուրգում ես կրկին կվերցնեմ WBO գոտին»,-ասել է Շտիգլիցը: