14 մարտի 2013 - 13:31 AMT
Արգենտինահայերը շնորհավորում են նորընտիր Հռոմի պապին

Արգենտինայի հայ համայնքը ողջունում է Խորխե Մարիո Բերգոլյոյի ընտրությունը Հռոմի պապի պաշտոնում: Նա կկրի Ֆրանցիսկոս Առաջին անունը: Լինելով Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը, նա մասնակցել է հայ համայնքի միջոցառումներին, մասնավորապես, Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Արգենտինայի հայ համայնքը, ինչպես և ողջ երկիրը, երջանիկ է, որ կաթոլիկ աշխարհի հովվապետ է դարձել արգենտինացին: Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսը միշտ եղել է հայ համայնքի բարեկամը, չնայած կաթոլիկ և առաքելական ծիսակարգերի տարբերությանը: Մի քանի տարի առաջ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի Արգենտինա կատարած հովվապետական այցի ժամանակ, նրանք միասին պատարագ մատուցեցին և հոգեհանգստի կարգ կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի համար:

Նշենք, որ «ցեղասպանություն» տերմինը Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնապես կիրառվում է Վատիկանի կողմից ըստ Հովհաննես Պողոս Երկրորդի բուլլայի: