12 հոկտեմբերի 2005 - 17:06 AMT
Ադրբեջանում պատգամավորության թեկնածուների 46 տոկոսը հանդես է գալիս ղարաբաղյան խնդրի ուժային լուծման օգտին
Բաքվում եւ Սումգայիթում սոցիոլոգիական հարցում է անցկացվել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորության 500 թեկնածուների շրջանում: 2005 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հարցումն անցկացրել է Ժողովրդավար լրագրողների լիգան Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ: Ինչպես ցույց են տվել հարցման արդյունքները, հարցվածների 22,2 տոկոսի կարծիքով` ընտրությունների ժամանակ հաջողության գրավական է լինելու կապը իշխող վերնախավի հետ, 25,8 տոկոսը գտնում է, որ կհաղթի ընդդիմությունը, իսկ 33,4 տոկոսը հույսը դրել է ֆինանսական ռեսուրսների վրա: Հարցվածների 62 տոկոսի կարծիքով` խորհրդարանի առաջնահերթ խնդիրը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն է, իսկ 46 տոկոսը ընդունելի է համարում հակամարտության լուծումը ռազմական ճանապարհով, հաղորդում է «Երկիր» թերթը: