14 մարտի 2013 - 14:43 AMT
Արտագաղթ. Հայերը միշտ էլ գնացել են արդյունաբերական կենտրոններ` աշխատանք գտնելու

Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթողների թիվն աճել է շուրջ 2.5 անգամ: Վիճակագրական տվյալն այսօր ասուլիսի ժամանակ ներկայացրել է էթնոսոցիոլոգ Միհրան Գալստյանն ու նշել, որ արտագաղթը Հայաստանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրներից է ու պատահական չէ, որ նախընտրական ծրագրերում նախագահի բոլոր թեկնածուները թեժ էին պահում այն:

«Սակայն այս խնդիրը նոր չէ հայ հասարակության համար` եղել է դարերի ընթացքում, խորհրդային շրջանում էլ: Միշտ էլ հայերը գնացել են արտերկիր, հատկապես խոշոր արդյունաբերական կենտրոններ` աշխատանք գտելու, աղքատությունը թոթափելու համար»,- ասել է նա ու ավելացրել, որ գյուղական բնակավայրերից աշխատանքային միգրացիայից առավել բարձր ցուցանիշ է գրանցում: Պատճառն աշխատանքի հնարավորության բացակայությունն է:

Հոգեբան Սամվել Խուդոյանն արտագաղթի մի քանի պատճառ է տեսնում` հայրենասիրության բացակայություն և երկրում տիրող անօրինականության, անարդարության և կեղծիքի մթնոլորտը: «Երկրում մի աբսուրդ համակարգ է` սկսած մանկապարտեզներից, վերջացրած` հիմնարկներով և իշխանություններով»,- ասել է հոգեբանը, իսկ սոցիոլոգը հավելել, որ եթե հասարակության մտածելակերպն անարդար է, և նա պատրաստ է ցանկացած պահի օրենք խախտել, ապա չպետք է ակնկալել, որ այս պայմաններում կարող ենք նոր` օրինական իշխանություններ ունենալ:

Սոցիոլոգը նկատել է նաև, որ արտագաղթը դրական միտումներ էլ ունի. տրանսֆերտներ են ուղարկվում Հայաստան, սոցիալ-տնտեսական լարվածությունը թուլանում է, մինչդեռ հոգեբանն արտագաղթի խնդրում ոչինչ դրական չի համարում: