14 մարտի 2013 - 15:32 AMT
Մարտի 15-ին ՀՀ-ում կսկսի գործել ռուսաց լեզվի անվճար դասընթացների 10 կենտրոն

Ինչպես հայտնի է ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոնի հետ համատեղ ՀՀ-ում իրականոացնում է ռուսաց լեզվի անվճար դասընթացների ուսուցման ծրագիր: 2013 թվականի մարտի 1-ին տրվեց վերոնշյալ ծրագիրի 100 կենտրոնների բացման մեկնարկը ՀՀ ողջ տարածքով, որին ներկա էին ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախագահ Ա. Նիկողոսյանն ու ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վ. Կովալենկոն:

Վ.Կովալենկոն ողջունեց այս նախաձեռնությունն և շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին: «Մենք ի սկզբանե չէինք հավատում, որ ծրագիրն այսքան մասսայականություն կվայելի, սակայն այսօր, տեսնելով այսքան շատ հետաքրքրված մարդկանց, ինձ շատ է ուրախացնում այս փաստը: Փաստորեն, այս ծրագիրը հաջողությամբ գործում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում»,-հավելեց դեսպանը:

«Կենտրոնների նպատակն է աջակցել նրանց, ովքեր ցանկանում են տիրապետել ռուսաց լեզվին, ինչպես նաև, հնարավորություն ունենալ ազատ հաղորդակցվել ԱՊՀ երկրների մյուս ներկայացուցիչների հետ»,-ընդգծեց Ա.Նիկողոսյանը:

Մարտի 15-ին ՀՀ-ում արդեն կսկսի գործել 10 ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոն: Երևան քաղաքում բացումը տեղի կունենա Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50), ժամը 13:00-ին և «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 37/22) , ժամը 15:00-ին :