12 հոկտեմբերի 2005 - 18:39 AMT
Ա.Ազիմով. Անհատական մոտեցումը Հարավային Կովկասի երկրներին չի ծառայի ԵՄ շահերին
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը գտնում է, որ «տեսականորեն Եվրամիությունը կարող է անհատական մոտեցում ցուցաբերել Հարավային Կովկասի երկրներին, սակայն դա չի ծառայի տարածաշրջանում նրա շահերին, քանի որ այստեղ պետք է հաշվի առնել Ադրբեջանի տեղը, կշիռը, դերը եւ հնարավորությունները»: Արազ Ազիմովն ասել է այս մասին այսօր` մեկնաբանելով ԵՄ-Հարավային Կովկաս բանակցությունների ձգձգումը: Նրա խոսքերով, «ԵՄ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները կառուցվում եւ զարգանում են առաջին հերթին Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի հիման վրա»: Բացի այդ, նշել է Ա.Ազիմովը, «Ադրբեջանը ներգրավված է Եվրոպական Հարեւանության Քաղաքականության մեջ եւ հանդիսանում է այդ ծրագրի անբաժանելի մասը»:

ԱՀ ԱԳՆ փոխնախարարը ավելացրել է, որ «ներկայումս ԵՄ-ում հնչում են տարբեր դիրքորոշումներ` առանձին հարցերի շուրջ, ինչի արդյունքում քննարկումներում կարող են առաջանալ ձգձգումներ»:
«Իմ կարծիքով, սա ընդամենը ժամանակավոր քաղաքական դժվարություն է, որի հաղթահարման մեջ Ադրբեջանի հետ միասին պետք է շահագրգռված լինի նաեւ ԵՄ-ն: Այդ քաղաքական թյուրիմացությունը մոտ ապագայում կվերացվի, քանի որ Ադրբեջանը համագործակցել է եւ պատրաստ է հետագայում եւս համագործակցել ԵՄ-ի եւ դրա առանձին անդամների հետ` միջազգային իրավունքի նորմերի հիման վրա», - ասել է Արազ Ազիմովը: Անդրադառնալով Հյուսիսային Կիպրոսի հետ Ադրբեջանի կապերին, դիվանագետը հիշեցրել է, որ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ դրանք կապված են «Կիպրոսյան խնդրի նկատմամբ Ադրբեջանի մարդասիրական մոտեցման հետ»: «Այստեղ գոյություն ունի մեծ մարդասիրական տարր, սակայն անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել, որ այդ կապերն իրագործվում են ոչ պաշտոնական մակարդակով: Իրականացվել է ընդամենը մեկ ավիաչվերթ, եւ պետք չէ եզրակացություններ անել դրա հիման վրա», - ասել է Ա.Ազիմովը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: