14 մարտի 2013 - 16:45 AMT
Կաթողիկոսը շնորհավորական գիր է հղել նորընտիր Հռոմի պապին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նորին Սրբություն Ֆրանսիսկոս I Պապին` Հռոմի եպիսկոպոս և Կաթոլիկ Եկեղեցու առաջնորդ ընտրվելու առիթով:

Հայրապետական շնորհավորագրում մասնավորաբար ասվում է. «Սիրեցյալ եղբայր ի Քրիստոս, Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու բերկրալի առիթով Ձերդ Սրբությանն ենք հղում եղբայրական սիրո մեր ջերմ ողջյունները և շնորհավորանքները: Մեր աղոթքն է, որ Տերը արգասավորի Ձերդ Սրբության առաքելահաստատ պաշտոնը արդյունաշատ և երկարամյա գործունեությամբ` ի փառս Աստուծո և ի պայծառություն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու: Քաղցրությամբ ենք հիշում մեր հանդիպումները Ձերդ Սրբության հետ Արգենտինայում, երբ առիթն ենք ունեցել ճանաչել Ձեզ որպես քաջ, իմաստուն և արդարամիտ հովվի: Մենք ուրախ ենք անդրադառնալ Ձեր անկեղծ սիրուն, որ ցուցաբերում եք հայ ժողովրդի հանդեպ:

Ուրախությամբ ենք հաստատում, որ մեր եկեղեցիների պատմական հարաբերությունները հատկանշված են եղբայրական ջերմությամբ: Մեծապես կարևորում ենք այն առաջընթացը, որ արձանագրել են մեր Եկեղեցիները մեր և մեր նախորդների շրջանում` փոխադարձ այցերով, կրթական և բարեսիրական բազում ծրագրերով: Աղոթում ենք, որ այս հարաբերություններն առավել հարստանան և զարդարվեն սիրո գործակցության նոր ձեռքբերումներով` ի խնդիր մարդկության առջև ծառացած արդի մարտահրավերների հաղթահարման, ժողովուրդների ու ազգերի միջև երկխոսության և բարեկամության»: