7 փետրվարի 2003 - 18:32 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻՆ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՌԱԶՄԱԳԵՐԻ ԷԼՄԵԴԴԻՆ ԱԲԻԵՎԻՆ
Փետրվարի 6-ին, Լեռնային Ղարաբաղի իշխանություններն ադրբեջանական կողմին են հանձնել ռազմագերի Էլմեդդին Աբիեւին: Հիշեցնենք, որ Ադրբեջանական բանակի զինծառայող Էլմեդդին Աբիեւը վիրավորվել եւ գերի էր ընկել հունվարի 8-ին դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Աղդամի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղի տարածք ներթափանցելու փորձ կատարելիս: Նա վիրահատվել է եւ բուժվել է Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալներից մեկում: Բուժման ողջ ընթացքում պարբերաբար նրան են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Աբիեւի հանձնումն իրականացվել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի որոշմամբ` ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերի պետհանձնաժողովի եւ ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության համագործակցությամբ: Ադրբեջանցի զինծառայողի հայրենադարձությունը հնարավոր է դարձել բուժող բժիշկների եւ ԿԽՄԿ բուժպատվիրակի եզրակացությունից հետո, որոնք փոխադրման ենթակա են համարել նրան: