Տարեվերջին Հայաստան կայցելի Ռուսաստանի վարչապետը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ընդգծելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ամենատարբեր բնագավառներում համագործակցության բարձր մակարդակը, զրուցակիցներն այդ ամենում կարեւորել են նաեւ տնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի դերը: Ա.Մարգարյանը եւ Ի.Լեւիտինը գոհունակությամբ են նշել վերջին շրջանում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալների աճը, որը ընթացիկ տարավա առաջին կիսամյակի տվյալներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, շուրջ 31 տոկոսով աճել է` կազմելով 120,4 մլն ԱՄՆ դոլար:



Ընդգծվել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ առեւտրատնտեսական գործընկերը, եւ ձեւավորված իրավապայմանագրային դաշտը` ստորագրված ավելի քան 160 միջպետական եւ միջկառավարական փաստաթղթերը, հնարավորություն են ընձեռում բոլոր բնագավառներում ընդլայնել ու զարգացնել համագործակցությունը: Հայ-ռուսական հարաբերությունների սերտացմանը, ըստ զրուցակիցների, զգալիորեն նպաստում են նաեւ Հայաստանում Ռուսաստանի տարվա ծրագրի շրջանակներում անցկացվող բազմաբնույթ միջոցառումները, որոնք իրենց շարունակությունը կունենան 2006թ.` Ռուսաստանում Հայաստանի տարվա ծրագրի շրջանակներում: ՀՀ վարչապետը կարեւորել է նաեւ երկու երկրների վարչական առանձին սուբյեկտների միջեւ ակտիվացող շփումներն ու համագործակցությունը, փոխայցելությունների ընթացքում ձեռքբերվող փոխշահավետ ու գործնական պայմանավորվածությունները: Ա.Մարգարյանը նշել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական գործակցության հետագա ընդլայնմանը զգալիորեն կարող է նպաստել արդյունավետ տրանսպորտային հաղորդակցության հաստատումը, եւ այս առումով Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Փոթի-Կավկազ երկաթուղալաստանավային հաղորդակցության կանոնավոր գործարկման հարցին, ինչը, ցավոք, դեռեւս լիարժեք կյանքի չի կոչվում:



Նա նաեւ ընդգծել է վրացական եկրաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցում մեր երկրի շահագրգռությունը, որը, ըստ Անդրանիկ Մարգարյանի, տնտեսապես շատ ավելի շահավետ է եւ զարգացման լայն հնարավորություններ է բացում ինչպես Ռուսաստանի հետ հարաբերություններում, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար: Զրուցակիցները քննարկել են երկաթուղու շինարարությանը եռակողմ` Ռուսաստան-Վրաստան-Հայաստան, մասնակցության հնարավորությունները: Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ երկաթուղու վերագործարկման հարցին հայկական կողմը եւս Վրաստանի իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ պարբերաբար անդրադառնում է` փորձելով ակտիվացնել գործընթացը:



Անդրանիկ Մարգարյանն ու Իգոր Լեւիտինն անդրադարձել են նաեւ Ռուսաստանին «Գույք պարտքի դիմաց» համաձայնագրի շրջանակներում փոխանցված հայկական ձեռնարկությունների վերագործարկման խնդրին: Իգոր Լեւիտինը վստահեցրել է, որ այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբերն աշխատում են, եւ ռուսական կողմը նույնքան շահագրգիռ է ձեռնարկությունները հնարավորինս շուտ գործարկելու հարցում: Հանդիպման ավարտին հույս է հայտնվել, որ այս տարեվերջին նաեւ Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա հայ-ռուսական քաղաքական ու տնտեսական հարաբերությունների զարգացման համար:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---