15 մարտի 2013 - 19:16 AMT
Ն.Փաշինյան. Կոմպրոմիս հնարավոր է միայն իշխանությունը անարյուն ժողովրդին փոխանցելու վերաբերյալ

Կոմպրոմիս հնարավոր է միայն իշխանությունը անարյուն ժողովրդին փոխանցելու վերաբերյալ, և Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը:Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավքում նման հայտարարություն արեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Թե իշխանությունները, թե միջազգային հանրությունը պետք է հստակ գիտեկցեն, որ ժողովուրդը չի գրոհելու, չի հարձակվելու, ջորդուփշուր չի անելու, բայց ժողովուրդը անելու է ավելին` ժողովուրդը չի նահանջելու: Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը, Գորիկ Հակոբյանը պետք է հստակ գիտակցեն, որ իրենք կարող են հարձակվել, սակայն ժողովուրդը բռնությանը բռնությամբ չի պատասխանելու»,- հայտարարեց նա:

Նա առաջարկեց Ազատության հրապարակում հրավիրել բաց քաղաքացիական խորհուրդի քննարկում, որտեղ շարժման մասնակիցները առաջարկներ ներկայացնեն Րաֆֆի Հովհաննիսյանին` նոր կառավարության և իշխանության ձևավորման վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս քաշել Սերժ Սարգսյանի վարչակազմի տակից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ապրիլի 9-ին կայանալիք Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը:

«Մենք այդ միջոցառումը պետք է վերածենք հրաժեշտի երեկույթի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա կոչ արեց բարձր տրամադրությամբ գալ այդ օրը ու Հանրապետության հրապարակում Սերժ Սարգսյանին զրկել Հայաստանից:

Նիկոլ Փաշինյանը փոխանցեց նաև քաղաքացիների կոչը և Սերժ Թանկյանին ու Շառլ Ազնավուրին հրավիրեց Հայաստան` Ազատության հրապարակ` լինելու ժողովրդի կողքին: