16 մարտի 2013 - 10:54 AMT
ԱԺ նախագահն այցելեց Ր.Հովհաննիսյանին. Բանավեճը լուծելու ուղիները քննարկվել են

Ազատության հրապարակում հացադուլը շարունակող «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին ուշ երեկոյան այցելել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նրանք նախ զրուցել են Րաֆֆի Հովհաննիսյանի «VIP սալոնում», այնուհետև պատասխանել լրագրողների մի քանի հարցի:

Հովհաննիսյանը նախ շնորհակալություն է հայտնել Աբրահամյանին իրեն այցելելու համար, հիշելով, որ երկու տարի առաջ վերջինս նույնպես եկավ իրեն այցելելու, երբ նա կրկին հացադուլի էր նստել նույն վայրում: Հովհաննիսյանը չասաց, թե ինչ են խոսել ԱԺ նախագահի հետ, հավելելով, որ կպատասխանի բոլոր հարցերին երկուշաբթի կայանալիք ասուլիսին, այնուհետև խոսքը փոխանցեց Աբրահամյանին, ինքն էլ հեռացավ:

Հովիկ Աբրահամյանն իր հերթին ասաց, որ հետաքրքրվել է Հովհաննիսյանի առողջությամբ, ինչպես նաև քննարկել են «որոշ ուղիներ այս բանավեճը լուծելու համար»:

«Կոնկրետ որևէ ընդհանուր հայտարարի չենք եկել, բայց գտնում եմ, որ երևի նորից կհանդիպենք, կքննարկենք: Ուղղակի գտնում եմ, որ այս ձևաչափը հարցի լուծում չէ ու ինքս մտահոգ եմ, որ այն խնդիրները, որ կան Ազատության հրապարակում, այն դժգոհությունները, որ կան՝ և տնտեսական, և քաղաքական, և սոցիալական, պետք է լուծում ստանան», - ասաց Աբրահամյանը, հավելելով, որ իրենց բարձր են գնահատում Հովհաննիսյանի «ողջամիտ մոտեցումները, որ ժողովրդին չի տանում դեպի արյունահեղություն, այլ փորձում է լուծել բանակցությունների միջոցով բոլոր պրոբլեմները»:

ԱԺ նախագահը նաև նկատել է, որ իրենք էլ են տեսնում ու մտահոգ են խնդիրներով ու կփորձեն անել ամեն ինչ, որ դրանք լուծում ստանան: Հարցին, թե այլցելելու է արդյոք հացադուլավոր նախկին նախագահի թեկնածուին Սերժ Սարգսյանը, Աբրահամյանն պատասխանել է, որ «որևէ բան չգիտի»: Նա նաև խոստացել է ՀՀ նախագահին փոխանցել Հովհաննիսյանի մտահոգություններն ու կփորձի «ամեն ինչ անել, որպեսզի հաշտ, համերաշխ այս խնդիրներին տան լուծում»:

«Կոնկրետ առաջարկներ ես չունեմ, քանի որ դրանք պետք է լինեն մեր թիմի ղեկավարի կողմից, խորհրդակցելու ենք ու փորձելու ենք առաջարկներ ներկայացնել», - ասել է Աբրահամյանը, հավելելով, որ, այնուամենայնիվ, ընտրությունների երկրորդ փուլ գնալը կամ ԱԺ-ն արձակելը որպես խոլամիտ առաջարկ չի ընդունում:

ԱԺ նախագահը նաև նշել է, որ մինչև հիմա չի այցելել Հովհաննիսյանին, քանի որ սպասում էր ՍԴ որոշմանը, եզրափակելով, որ ՀՀ նախագահը նույնպես գտնում է, որ այս հարցը պետք է լուծում ստանա «հաշտ ու համերաշխ ձևով»: