18 մարտի 2013 - 15:11 AMT
ՀԱԿ-ը պայքարելու է հաղթանակի համար, բայց հանուն համախմբման պատրաստ են զիջումների

Հայ ազգային կոնգրեսը վստահ է, որ Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը կհաղթահարի: «Կոնգրեսն այսօր ամենահզոր քաղաքական ուժն է: Ես վստահ եմ, որ ցանկացած օրինական ընտրություններում ՀԱԿ-ը կտաներ հաղթանակ` լիներ դա նախագահական, խորհրդարանական, թե Երևանի ավագանու ընտրություններ»,- Ազգայի ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Նա հրաժարվեց հրապարակել ավագանու ընտրություններում իրենց ցուցակը, պատճառաբանելով, որ դեռ վերջնական հաստատված չէ: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ պայքարելու են հաղթանակի համար, բայց հանուն համախմբման նաև պատրաստ են գնալ զիջումների:

Լևոն Զուրաբյանը շատ կարևոր է համարում ըդդիմության միավորումը, իսկ Կոնգրեսն, ինչպես ներկայացրեց ՀԱԿ պատգամավորը, առաջարկել է միավորման հնարավորություններ: «Եթե խոսքը միասնական ցուցակի մասին լիներ, ապա այդտեղ ինչ-որ ուժ կարող էր ասել, թե ավելի շատ տեղ պետք է ունենա և այլն, բայց եթե խոսքը հավասար համագործակցության մասին է` ընտրատեղամասերում միասին վերահսկել ընտրության գործընթացը, միմյանց հասցեին քննադատություն չհնչեցնել ու հակաքարոզչություն չանել, ապա այստեղ առանցքի մասին խոսք լինել չի կարող»,- նկատեց Լևոն Զուրաբյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց առաջարկն ուղղված էր «Բարգավաճ Հայաստանին», «Ժառանգությանը» և ՀՅԴ-ին: