18 մարտի 2013 - 16:14 AMT
Բրյուսելը, Մոսկվան ու Վաշինգտոնը ընտրության առջև են կանգնեցնում Հայաստանին

Պաշտոնական Բրյուսելը, Մոսկվան ու Վաշինգտոնը ընտրության առջև են կանգնեցնում Հայաստանին, դրդելով որոշել, թե որ միությանն է ցանկանում անդամակցել Հայաստանը, մարտի 18-ին հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը: «Մինչ օրս գործող փոխլրացման քաղաքականությունն արդեն ընդունելի չէ»,-ասել է նա: Սակայն, ըստ տնտեսագետի, ոչ մի ուղղությամբ Հայաստանը չունի զարգացման հստակ մշակված քայլեր:

Փորձագետների մի մասը կողմ է Եվրասիական միությանը և կարևորում է Հայաստանի անդամակցումը Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը, որոնց թվում է, օրինակ, ՀՀ Կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը, որն այսօր հայտարարել է, որ «զարգացման միակ ճիշտ ուղին ինտեգրումն է Եվրասիական միությանը»:

«Պատմությունը ցույց է տալիս, որ եվրոպական արժեքներն ու սկզբունքները հորինված կատեգորիաներ են: Գաղտնիք չէ, թե ինչ ծանր վիճակ է այժմ Եվրամիության ներսում, քանդվում է եվրոպական ֆինանսական համակարգը»,-ասել է նա: Ռուբեն Թովմասյանը այն կարծիքի է, որ Հայաստանին բարեկամ ԱՊՀ երկրները բարենպաստ են երկրի տնտեսության զարգացման տեսակետից և շուկան էլ մեծ է:

Բրյուսելում գտնում են, որ անհնար է համատեղել մասնակցությունը Մաքսային միությանն ու համաձայնությունը ԵՄ հետ ազատ առևտրի մասին, հղում անելով իրավաբանական անհամատեղելիությանը: Ուստի, Հայաստանը, ինչպես նաև Արևելյան գործընկերության մյուս անդամ պետությունները, որոնք նույնպես ձգտում են միանալ ազատ առևտրի գոտուն, որ առաջարկում է ԵՄ-ն, պետք է ընտրություն կատարեն:

Բոլոր ռուսամետ միություններին դեմ է հանդես եկել ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը՝ անվանելով Եվրասիական միության ստեղծումը վերադաձ նախկին ԽՍՀՄ: Ըստ նրա, այս պահին ԱՄՆ կառավարությունը որոնում է խորհրդային կարգերի վերականգնումը կասեցնող կամ դանդաղեցնող ուղիներ:

Իսկ ո՞րն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Մասնավորապես, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բազմիցս է հայտարարել, որ երկիրը շահագրգիռ է ԵվրԱզԷՍ, ԱՊՀ և ԵՄ շրջանակներում ընթացող ինտեգրման գործընթացներում: Նա վստահ է, որ վերոնշյալ միությունները պետք չէ հակադրել, ավելի շուտ, դրանք պետք է դիտարկել որպես փոխլարցնող միավորումներ:

Այսպիսով, Հայաստանի այսօրվա գերակայությունն է համաձայնագիրը առևտրի ազատ գոտու մասին, որը նախատեսվում է ստորագրել արդեն 2013թ.: Ընդ որում վարչապետը նշել է, որ իրենց եվրոպացի գործընկերները գտնում են, որ այն կստորագրվի 2014-ին:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է նաև, որ Հայաստանն աչքի է ընկնում Մաքսային միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությամբ, ուստի հարկավոր է մշակել համագործակցության հատուկ մեխանիզմներ: Հենց դրա համար է ձևավորվել աշխատանքային խումբ, որի օգնությամբ հնարավոր կլինի լուծել այդ հարցը: